Բրյուսել կատարած այցի ընթացքում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին։
Նախագահի լրատվական ծառայությունը հրապարակել է նրանց հանդիպման տեսագրությունը։
Ֆոն դեր Լեյենը հանդիպումից հետո X սոցիալական ցանցում գրել է, որ գալիք խորհրդարանական ընտրությունները Վրաստանի ժողովրդավարության համար «վճռական փորձություն» են լինելու։
«Հարգելի նախագահ, ես մեծապես հարգում եմ ձեր նվիրվածությունը Վրաստանի եվրոպական ճանապարհին:
Առջևում կարևոր պահ է. գալիք ընտրությունները վճռորոշ փորձություն են լինելու Վրաստանի ժողովրդավարության համար և վճռական պահ՝ ԵՄ-Վրաստան հարաբերությունների ապագայի համար»,- գրել է ֆոն դեր Լեյենը։։
Ընտրություններից մեկ ամիս առաջ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է Ֆրանսիա, Գերմանիա և Լեհաստան։ Սեպտեմբերի 30-ին նա հանդիպել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին, իսկ հոկտեմբերի 1-ին` Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային։
Նախագահ Զուրաբիշվիլին հրավիրված էր Վարշավայի անվտանգության համաժողովին։ Նա երկկողմ հանդիպումներ է ունեցել եվրոպական և ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Միջազգային գործընկերները հերթական անգամ իրենց մտահոգությունն են հայտնել եվրաինտեգրման ճանապարհին հետընթացի և Վրաստանում ռուսական ազդեցության հաստատման կապակցությամբ։