«Ռուսթավի 2»-ը հերթական սկանդալային ձայնագրությունն է տարածել «Իբերիա» հեռուստաընկերության գլխավոր ֆինանսավորող «Օմեգա Գրուպ» ընկերության շուրջ գործարքների վերաբերյալ:
Ձայնագրության մեջ հեռախոսազրույց է տեղի ունենում երեք անձանց միջև: Բիձինա Իվանիշվիլիի մտերիմ գործարար Վանո Չխարտիշվիլին խոսում է «Օմեգա Գրուպ» ընկերության հիմնադրի հետ, զրույցին մասնակցում է նաև գործարար, «Թբիլիսիի ծխախոտ» ընկերության սեփականատեր Իրակլի Չուբինաշվիլին:
Զրույցի հիմնական թեման ծխախոտի գների կարգավորումը, շուկայի վերահսկողությունն ու «Օմեգա Գրուպ»-ի բաժնետոմսերի բաշխումն է:
Ձայնագրության մեջ առաջին անգամ նշվում է նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի անունը: Խոսքը սխեմայի մասին է, ըստ որի էլ գումարային միջոցները կկառավարվեն: Ըստ սխեմայի, ծխախոտի իրացման համար ստեղծվելու է նոր բաշխիչ ընկերություն: Գումարի 50 տոկոսը պետք է ներգրավվի այնպիսի ֆոնդի մեջ, որը պատկանում է կուսակցության, իսկ սա հավանաբար «Վրացական երազանքն» է, և 25-ական տոկոս էլ կհասնի «Օմեգա գրուպ»-ին և «Թբիլիսիի ծխախոտ»-ին միջև:
Ըստ այդ սխեմայի, գործարքի կարգավորման հիմնական ուղղության համար՝ ձայնագրության մեջ, նշվում է Բիձինա Իվանիշվիլիի զարմիկը` Ուչա Մամացաշվիլին: Ձայնագրության երկրորդ մասում նշվում է նախկին փոխվարչապետ և էկոնոմիկայի նախկին նախարար Դիմիտրի Քումսիշվիլիի անունը:
Զրույցի մասնակիցները նշում են, որ ծխախոտի գինը շուկայում կարգավորում է Դմիտրի Քումսիշվիլին: Նշվում է նաև նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխվալաձեի անունը: Նախկին պաշտոնյաները, այդ թվում` Ուչա Մամացաշվիլին, այն մարդիկ են, ովքեր փորձում են կիսել «Օմեգա գրուպ»-ի բաժնետոմսերը և վերահսկել ծխախոտի բիզնեսը:
Նշենք, որ սա արդեն չորրորդ աղմկահարույց ձայնագրությունն է, որ «Ռուսթավի 2»-ը գտնում է «Իբերիա» հեռուստաընկերության վերաբերյալ:
Ընդդիմության բարձրաստիճան պաշտոնյաները հերթական ձայնագրոթյան հետ կապված, խոսում են պատասխանատվության մասին՝ ասելով, որ կառավարությունը այս անգամ չի կարողանա մեղադրանքները շրջել այլ ուղղությամբ:
«Կառավարությունը միշտ նույն տակտիկան ունի. մեծ խնդիրները վեր է ածում խրոնիկականի և կաշառք տալիս: Այսպես եղավ նաև Աֆգան Մուխթարլիի հետ կապված և այլ բազմաթիվ հանցանքներ, որոնք կատարել են կառավարության ներկայացուցիչները և այսօր, փաստացի, ծածկադմփոց է արվել: Հենց նույն ճանապարհով էլ կգործի այս դեպքում: Անհավատալի բան է տեղի ունենում այն ժամանակ, երբ նախարարը, ինչպես նաև երկաթուղու վերահսկող խորհրդի նախագահը, որը 10 000 լարի աշխատավարձ ունի, պետությունն է ներկայացնում, այն էլ առևտրային մասով: Բնականաբար, այս հանցագործությունը պետք է շտապ հետաքննվի: Անհրաժեշտ է օբյեկտիվ ուսումնասիրել: ԶԼՄ-ները պետության ազդեցությունից պետք է պաշտպանված լինեն: Ճնշումներ երևում են թեկուզ TV Pirveli-ի դեպքում», — ասում է «Ազգային շարժման» անդամ Ռոման Գոցիրիձեն:
Նշենք նաև, որ սեպտեմբերի 17-ին գլխավոր դատախազությունում հարցաքննվել է սպորտի նախկին նախարար Լևան Կղիփիանին, ով մասնակից է եղել «Ռուսթավի 2»-ի կողմից հայտնաբերված նախկին ձայնագրության մեջ: Այնտեղ Կղիփիանին խոսում է «Օմեգա գրուպ»-ի հիմնադիր Զազա Օքուաշվիլիի հետ՝ առաջարկելով նրան 3,5 միլիոն լարի վճարել, որպեսզի թողնեն հեռուստաընկերությունը և լուծեն բոլոր խնդիրները:
«Ես բացառում եմ Բիձինա Իվանիշվիլիի կապը այս փաստի և այս իրադարձությունների հետ», — դեպքի վերաբերյալ ասել է խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էկա Բասելիան:
«Իբերիա»-ի գլխավոր ֆինանսավորող «Օմեգա Գրուպ»-ի հետ կապված ձայնագրությանը արձագանքել են նաև խորհրդարանի փոքրամասության անդամները:
«Վերջին օրերին «Իբերիա»-ի և «Օմեգա Գրուպ»-ի մասին տեղեկատվությունը բավարար է հասկանալու համար, որ կառավարությունը ցանկանում է գրավել այս լրատվամիջոցը: Կառավարությանը դուր չի գալիս հեռուստաընկերության խմբագրական քաղաքականությունը և անում է ամեն ինչ` լռեցնելու համար», — ասում է «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Սերգի Կապանաձեն:
Ձայնագրության վերաբերյալ մեկնաբանություն է արել նաև գործարար Վանո Չխարտիշվիլին, ով, ինչպես արդեն նշեցինք, ձայնագրության անմիջական մասնակից է:
Չխարիշվիլին հաստատում է, որ քննարկվել է «Թբիլիսիի ծխախոտի» և «Օմեգա» բաշխիչ ցանցերի միավորման գաղափարը, սակայն այդ գաղափարը չի իրականացվել:
Նրա հայտարարության մեջ ասվում է, որ բոլոր հանդիպումները անցկացվել են «Օմեգա գրուպ»-ի նախաձեռնությամբ և այդ հանդիպումների ժամանակ «Իբերիա» հեռուստաընկերության մասին խոսք չի եղել:
Ավելի ուշ, հայտնի դարձավ, որ «Իբերիա» հեռուստաընկերության հիմնադիր Նատո Չխեիձեն հեռացել է Վրաստանի «Հայրենասերների դաշինք» կուսակցության շարքերից։ Կուսակցության առաջնորդ Իրմա Ինաշվիլին ասել է՝ իր համար անհասկանալի է Չխեիձեի որոշումը, որի մասին լրատվամիջոցներից է տեղեկացել։
Հեռուստաընկերության ղեկավարությունը պնդում է, որ իշխանությունները ճնշում են գործադրում լրատվամիջոցի սեփականատեր հանդիսացող «Օմեգա գրուպի» բիզնեսի վրա՝ փորձելով սահմանափակել խոսքի ազատությունը։
Ֆինանսների նախարարը հերքել է հնչած մեղադրանքները՝ հայտարարելով, որ «Օմեգա գրուպը» ավելի քան 50 մլն լարի հարկային պարտք ունի, որը վճարելու ցանկություն չունի, ուստի և հեռուստաընկերությունն օգտագործում է սպառնալիքների նպատակով։
«Իբերիայի» և «Օմեգա գրուպի» հարցին սեպտեմբերի 12-ին արձագանքել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ նշելով, որ ֆինանսների նախարարությունը և եկամուտների ծառայությունը պատժամիջոցներից փորձել են զերծ մնալ: Բախտաձեի խոսքով, լրատվամիջոցը 11 անգամ զգուշացում է ստացել, իսկ պարտքերն ավելացել են:
Հիշեցնենք նաև, դեռևս մեկ շաբաթ առաջ, հեռուստաընկերության շուրջ ծավալված իրադարձությունների շուրջ ընկերության ներկայացուցիչները հանդիպել էին Վրաստանի նախագահին: «Իբերիա» հեռուստաընկերության հիմնադիրներն ու աշխատակիցները իշխանություններին ճնշումների մեջ են մեղադրում: Նրանք պահանջում են հետաքննություն իրականացնել, թե ով է ճնշում իրագործել հեռուստաընկերության հիմնադիրների վրա:
Հավելենք, որ ս.թ. փետրվարին Վրաստանի հեռահաղորդակցության ազգային հանձնաժողովը տուգանել էր «Իմեդի», «Ռուսթավի 2» և «Իբերիա» հեռուստաընկերություններին: Տուգանքի չափը «Իմեդի»-ի համար կազմել է 25 հազար 748 լարի, «Ռուսթավի 2»-ը տուգանվել է 31 հազար 683 լարիով, «Իբերիա»-ն՝ 3 հազար 394 լարիով: