Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է «Ղրիմի հարթակ» գագաթնաժողովի մասնակիցներին, համաշխարհային առաջնորդներին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին և կրկին իր աջակցություն հայտնել Ուկրաինային։ Զուրաբիշվիլին նշել է, որ նախորդ տարի այդ գագաթնաժողովին մասնակցել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, իսկ այս տարի իր համար մեծ պատիվ է գագաթնաժողովում ներկայացնել Վրաստանն ու նրա ժողովրդին։
«Հպարտ եմ, որ միանում եմ «Ղրիմի հարթակին» Վրաստանի անունից և կրկին մեր աջակցությունն եմ հայտնում ձեր տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը, ապաօկուպացիոն ռազմավարությանը, Ղրիմը Ուկրաինա է։
Վաղը Ուկրաինան տոնելու է Անկախության օրը։ Սա Ուկրաինայի 6 ամսվա խիզախ դիմադրությունն է Ռուսաստանին, սա պարզապես ամսաթվերի զուգադիպություն չէ։ Բոլորս գիտենք, որ Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայում չի սկսվել անցյալ փետրվարին, սկսվել է դեռևս Ղրիմի օկուպացիայից»,- ասել է Զուրաբիշվիլին։
Զուրաբիշվիլին նշել է, որ Վրաստանը շատ լավ հասկանում է, թե ինչ ասել է` ներխուժում տարածք և օկուպացիա․
«Վրաց ժողովրդի անունից ցանկանում եմ ևս մեկ անգամ հաստատել մեր հիացմունքը ձեր խիզախ պայքարի համար և հայտնել մեր խորին համոզմունքը, որ այս պայքարը կավարտվի հաղթանակով»,- ասել է Զուրաբիշվիլին։
Հիշեցնենք, որ «Ղրիմի հարթակը» ստեղծվել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու նախաձեռնությամբ և նպատակ ունի բարելավելու Ղրիմի օկուպացմանը միջազգային արձագանքի արդյունավետությունը, արձագանքելու անվտանգության սպառնալիքներին, մեծացնելու միջազգային ճնշումը Կրեմլի վրա, ապաօկուպացնելու Ղրիմը և վերադարձնելու Ուկրաինային:
«Ղրիմի հարթակի» երկրորդ գագաթնաժողովին մասնակցել են ավելի քան 50 երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։