«Մթավարի արխի» հեռուստաընկերության մեկնաբան Գիորգի Գաբունիան, որ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հայհոյանքներ էր հնչեցրել, այսօր հայտարարել է, որ պետությունն իրեն պաշտպանություն է առաջարկել: «Պետությունն ինձ պաշտպանության առաջարկ է արել, ասել են, որ նույնիսկ կարող եմ դեմքս փոխել, անունս ու ազգանունս: Ինքս պետք է որոշեմ՝ ինչ է անհրաժեշտ ինձ: Պետք ա փաստաբանի հետ քննարկեմ: Պետք է վտանգները գնահատել», — ասել է Գաբունիան:
Հիշեցնենք՝ անցյալ տարի «Ռուսթավի 2» հեռուստաընկերության ուղիղ եթերում Գաբունիան հեղինակային «Պոստսկրիպտում» հաղորդման ընթացքում մեկ րոպե տևողությամբ ռուսերենով վիրավորական՝ այդ թվում նաև սեռական բնույթի հայհոյանքներ էր հնչեցրել ՌԴ նախագահ Պուտինի հասցեին: Լրագրողն այդ դեպքից հետո հեռացվեց հեռուստաընկերությունից։ Գաբունիան եթեր վերադարձավ «Ռուսթավի 2»-ի նախկին ղեկավարների կողմից հիմնադրված՝ «Մթավարի արխի» հեռուստաընկերությունում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վրաստանի հակաահաբեկչական ծառայությունը ձերբակալել է Ռուսաստանի դաշնության քաղաքացի, Ինգուշեթիայի բնակիչ 38-ամյա Վասամբեկ Բոկովին, որը ենթադրաբար Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի պատվերով պետք է սպաներ լրագրող Գիորգի Գաբունիային:
Ի դեպ՝ Կադիրովը Վրաստանին սպառնացել էր նաև 1 տարի առաջ: Հակառուսական բողոքի ալիքի համատեքստում Թբիլիսիում կատարվող իրադարձությունները մեկնաբանելիս նա ասել էր. «Ուզում եմ հիշեցնել, որ Գրոզնիից Թբիլիսի ընդամենը 200 կմ է, իսկ Ռուսաստանում ոչ պաշտոնական տվյալներով գրեթե մեկ միլիոն վրացի է ապրում: Մեր ժողովուրդները բարեկամության և միասնության դարավոր կապ ունեն»:
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ իրենց հաջողվել է ծանրագույն հանցագործություն կանխել։ «Սա հանցագործություն էր երկրի քաղաքացու, առավել ևս հայտնի լրագրողի դեմ, և նախաքննության հետ կապված բոլոր տեղեկությունները թափանցիկ ու հասանելի են լինելու հանրությանը»,֊ վստահեցրել է երկրի վարչապետը։
Լուսանկարը՝ ֆեյսբուքից։
Թեման՝ առավել մանրամասն