Վրաստանի Հանրային ռեեստրը կասեցրել է «Մթավարի արխի» հեռուստաընկերության (ՀԸ) գլխավոր տնօրեն Գիորգի Գաբունիային հեռացնելու պահանջը: Ռեսստրը համարել է, որ այս փուլում ՀԸ-ի բաժնետեր Զազա Օքուաշվիլիի պահանջը բավարարելու իրավական հիմք չկա։
ՀԸ-ի համատնօրեն Գիորգի Քուրդաձեն դեկտեմբերի 24-ի առավոտյան դիմել էր հանրային ռեեստրին և նամակին կցել Գաբունիայի հետ նամակագրության լուսանկարը, որում գլխավոր տնօրենը նշել է, որ «ստիպված է ընդունել իր պաշտոնից հրաժարվելու որոշումը»։
«Պահանջվող փոփոխությունը գրանցելու համար ներկայացվում է Գիորգի Գաբունիայի կամքի ապացույցը, Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով՝ սեփական դիմումի համաձայն, գլխավոր տնօրենի պաշտոնից ազատելու պահանջով», — գրված է հանրային ռեեստրի կողմից դեկտեմբերի 25-ին հրապարակած եզրակացության մեջ, որը պատրաստվել է Գիորգի (Գոգի) Քուրդաձեի բողոքարկումից հետո:
Գաբունիային հեռացնելու մեկ այլ տարբերակ ևս կա, այս որոշումը, սակայն, կայացնում են ալիքի հիմնադիրները: Նմանատիպ փաստաթուղթ Քուրդաձեն դեռ չի ներկայացրել։
«Մթավարի արխի»-ում ստեղծված խնդիրների մասին հայտնի դարձավ 2024 թվականի դեկտեմբերի 11-ին, երբ Գաբունիան ճեպազրույց անցկացրեց։ Նա ասել էր, որ ՀԸ-ի բաժնետերերից գործարար Զազա Օքուաշվիլին, որոշել է փակել ալիքը և փաստացի ներգրավվել է «Վրացական երազանք»-ի սկսած զանգվածային բռնություններին։
Գործարար Օքուաշվիլին Գաբունիային մեղադրել է զրպարտության համար և պնդել, որ ինքը ՀԸ-ը փակելու որոշում չի կայացրել:
«Մթավարի արխի»-ն հեռարձակվում է 2019 թվականի սեպտեմբերի 9-ից։ Այն հիմնադրել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան։ Հեռուստաալիքի հիմնադրումից մի քանի շաբաթ առաջ ավարտվեցին մի քանի տարվա դատական գործընթացները, և «Ռուսթավի 2»-ը վերջնականապես հանձնվեց Քիբար Խալվաշիին։