Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով՝ կորոնավիրուսը բուժող «Պաքսլովիդ» դեղամիջոցից հիվանդները կoգտվեն անվճար։
Գաբունիան միևնույն ժամանակ նշել է, որ այս դեղամիջոցը չի վաճառվի դեղատներում։
«Դրա բաշխումն ապահովում է նախարարությունը՝ համապատասխան ստորաբաժանման միջոցով։ Առցանց կլինիկայի ընտանեկան բժիշկը, անհրաժեշտության դեպքում տեղեկությունը կփոխանցի այն կառույցին, որը դեղը կհասցնի հիվանդին»,- ասել է Գաբունիան։
Ըստ Գաբունիայի՝ վերջին օրերին հանրապետությունում համաճարակաբանական պատկերը բարելավվում է, սակայն դա չի նշանակում, որ ռիսկերն ամբողջությամբ վերացված են․
«Պատվաստումների միջոցով պետք է շարունակենք ապահովել իմունային շերտը, պատվաստումները, թեստավորումը և բժշկական հատվածի պատրաստվածությունը կշարունակվեն ապագայում»։
Առողջապահության փոխնախարարի խոսքով, պատվաստումների քարոզարշավի շարունակությունը առողջապահության նախարարության համար առաջնահերթություն է։
«Ցավոք, մի շարք պատվաստանյութեր մնացին չօգտագործված։ Այս պատվաստանյութերը հանրապետությունը ստացել է համեմատաբար ավելի ուշ՝ նվիրատվությունների միջոցով, ակնկալիքներն ու պահանջարկը սկզբում շատ մեծ էին, իսկ հետո՝ նվազեց, բայց դա չի նշանակում, որ նախարարությունը չի շարունակի աշխատել պատվաստումների քարոզարշավի ուղղությամբ»,- ասել է փոխնախարարը։