Հայ մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի (Ֆրունզիկ) մասին պատմող «Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմը հոկտեմբերի 21-ին ցուցադրվեց Թբիլիսիի «Ամիրանի» կինոթատրոնում։
2021 թվականի ամռանը նկարահանված Ֆիլմի պրեմիերան Երևանում տեղի է ունեցել օգոստոսի 14-ին։ Ֆիլմի հեղինակն ու արտադրողը Դավիթ Բեջիթաշվիլին է, ռեժիսորը՝ Օթար Միքելաձեն, օպերատորն ու խմբագիրը Անա Նիքաբաձեն:
«Ալիք Մեդիայի» հետ զրույցում ֆիլմի հեղինակ և արտադրող Դավիթ Բեջիթաշվիլին ասում է, որ ֆիլմը պատմում է Մհեր Մկրտչյանի և հնդկական երկու ֆիլմերում նրա կատարած դերի մասին։
«Ֆրունզիկին բոլորը հիշում են կատակերգական ֆիլմերից, ինչպիսին է օրինակ «Միմինոն», բայց նրանք չգիտեն, որ Ֆրունզիկը խաղացել է նաև հնդկական ֆիլմերում։ Եվ սա վկայում է այն մասին, որ նա մեծ մասշտաբի դերասան է եղել։ Ֆիլմը նկարահանել ենք «Ալի բաբա և ավազակները» և «Լեգենդ սիրո մասին» ֆիլմերի հիման վրա։ Հատվածներ ենք վերցրել նաև «դերասանների հիշողությունները Ֆռունզիկի մասին» տեսանյութից։ Օրինակ՝ Բուկա Կիկաբիձեից, Տիգրան Մանսուրյանից, հնդիկ աստղ Հեմմա Մալենից, ինչպես նաև շատ յուրահատուկ մաս ենք վերցրել Սոփիկո Ճիաուրելիի հիշողություններից Ֆրունզիկի մասին։ Փոքր ու քաղցր ֆիլմ ստացանք, որի պրեմիերան մեծ հաջողությամբ ավարտեցինք», — ասում է Բեջիթաշվիլին:
Ֆիլմի պրեմիերան Թբիլիսիում ցուցադրվեց Վրաստանում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ: Ցուցադրությանը ներկա էին Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները, Վրաստանում Հայաստանի դեսպանը, Հայաստանի կրթության և մշակույթի նախարարի տեղակալը, քաղաքական գործիչներ, դիվանագետներ և այլ նշանավոր անձինք։
Ժաննա Չոգանդարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր