Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը դատապարտում է Վրաստանի խորհրդարանի կողմից հոմոֆոբ օրենսդրական փաթեթի ընդունումը, որը գրաքննություն է պարտադրում և սահմանափակում ԼԳԲՏ մարդկանց իրավունքները։
Հայտարարության մեջ ասվում է, որ օրենքի ընդունումը «հարձակում է Վրաստանի ԼԳԲՏ համայնքի և վրացիների հիմնարար ազատությունների վրա»։
«Այս քայլը, ինչպես մայիսին «Օտարերկրյա գործակալների» օրենքի ընդունումը, ուղղակիորեն պատճենված է Կրեմլի ավտորիտար ձեռնարկից (օրենքից-հեղ.) և կրկին կասկածի տակ է դնում Վրաստանի ժողովրդավարության հետագիծը։ Մենք կոչ ենք անում Վրաստանի օրենսդիրներին փոխել ընթացքը»,- նշել է Freedom House-ը։
Հիշեցնենք. Վրաստանի խորհրդարանը վերջին՝ երրորդ ընթերցմամբ, 84 ձայնով ընդունեց իշխող «Վրացական երազանք»-ի հոմոֆոբ օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է սահմանափակել ԼԳԲՏ անձանց իրավունքները։
«Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրինագծերի փաթեթը փոփոխություններ է նախատեսում գործող 18 օրենքներում։