Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի արտգործնախարարները (ԱԳՆ) համատեղ հայտարարություն են տարածել Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։
Դեկտեմբերի 6-ին հրապարակված հայտարարության մեջ նրանք մտահոգություն են հայտնում, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշումը՝ դադարեցնել ԵՄ անդամակցության քննարկումները և հրաժարվել ԵՄ ֆինանսական աջակցությունից մինչև 2028 թվականը, ակնհայտորեն հակասում է վրաց ժողովրդի եվրոպական նկրտումներին, ինչպես ամրագրված է Վրաստանի սահմանադրությամբ։
Արտգործնախարարների խոսքով, իրենք աջակցում են վրաց ժողովրդի ժողովրդավարական և եվրոպական նկրտումներին և դատապարտում են խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի անհամաչափ կիրառումը: Նրանք «Վրացական երազանք»-ին կոչ են անում թուլացնել լարվածությունը և ներառական երկխոսություն սկսել բոլոր քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
«Մենք ցավում ենք ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական հասարակության գրասենյակներում ոստիկանության գործողությունների, ինչպես նաև քաղաքական ընդդիմության անդամների ձերբակալության համար, որոնց անհապաղ ազատ արձակումը պահանջում ենք։ Հիմնարար իրավունքները, ներառյալ խաղաղ հավաքների և արտահայտվելու ազատությունը, պետք է պաշտպանված լինեն Վրաստանի Սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան»,- ասված է հայտարարության մեջ։
Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի արտգործնախարարները հայտարարում են, որ 2024 թվականի սկզբից հենց «Վրացական երազանք»-ի հետևողական գործողություններն են հանգեցրել Եվրամիությանն անդամակցելու գործընթացի փաստացի կասեցմանը և, համապատասխանաբար, Վրաստանի հետ հարաբերությունների վատթարացմանը։
Ի դեպ, արդեն ինը գիշեր է, Թբիլիսիում և այլ քաղաքներում ցույցեր են անցկացվում։ Նոյեմբերի 28-ին «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարության պատճառով քաղաքացիները պահանջում են կառավարության հրաժարականը և նոր խորհրդարանական ընտրություններ։
«Վրացական երազանք»-ը որոշել է մինչև 2028 թվականի վերջը օրակարգ չբերել Եվրամիության հետ Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունների բացման հարցը, իսկ մինչև 2028 թվականի վերջ նրանք հրաժարվում են ԵՄ բյուջետային դրամաշնորհներ ստանալ։