Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները գնահատել է որպես ժողովրդավարության և արժանապատվության հաղթանակ։
Վրաստանի նախագահի խոսքով, սրանք ընտրություններ էին ժողովրդավարության, Եվրոպայի և Ֆրանսիայի արժանի հաղթանակի համար։ Ըստ նրա՝ Ֆրանսիայի ընտրությունների արդյունքը հաղթանակ է և հույս բոլորի համար Եվրոպայում, ովքեր դիմադրում են Ռուսաստանի ջանքերին։
«Բրավո Ֆրանսիային»,- X սոցիալական ցանցում գրել է Զուրաբիշվիլին:
Նշենք, Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում լավագույն արդյունք գրանցած ծայրահեղ աջերը, որոնց առաջնորդ Մարին Լը Պենը հայտնի է ՌԴ նախագահ Պուտինի նկատմամբ իր դրական վերաբերմունքով, հուլիսի 7-ին կայացած երկրորդ փուլի արդյունքում զբաղեցրել են երրորդ տեղը։ Առաջին տեղն են զբաղեցրել ձախերը, սակայն կուսակցություններից ոչ մեկը բավարար ձայներ չունի՝ ինքնուրույն կառավարություն ձևավորելու համար։