Վրաստանի արտաքին գործերի նախարար (ԱԳՆ) Իլիա Դարչիաշվիլին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահի Եվրոպայի հարցերով դիվանագիտական խորհրդական Իզաբել Դյումոնին և Հարավային Կովկասում Արևելյան գործընկերության և Սև ծովի հարցերով Ֆրանսիայի դեսպան, Հարավային Կովկասում հատուկ բանագնաց Բրիս Ռոքֆեյին, հայտնում են ԱԳՆ-ից:
Կողմերը ողջունել են երկու երկրների միջև հաստատված ռազմավարական գործընկերությունը և հագեցած օրակարգը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։
Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական խորհրդականն իր անվերապահ աջակցությունն է հայտնել Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչը Վրաստան կատարած նրա այցի հստակ արտահայտությունն է՝ տարածաշրջանում անվտանգության մարտահրավերների ֆոնին։
«Կողմերը քննարկել են տարածաշրջանում ընթացող գործընթացները։ Ֆրանսիական կողմը գոհունակություն է հայտնել Վրաստանի խաղաղ նախաձեռնության առնչությամբ, որի նպատակն է նպաստել տարածաշրջանային կայունությանը։
Նախարարը ֆրանսիացի դիվանագետների հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների հիմնական ուղղությունները, այդ թվում՝ բարձր մակարդակի փոխայցերը և Դիմիտրի Ամիլախվարիի անվան վրաց-ֆրանսիական ռազմավարական երկխոսության երկրորդ փուլի անցկացման կարևորությունը։ Զրույցին անդրադարձել է նաև երկու երկրների միջև ոլորտային հաջող համագործակցությանը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել ֆրանսիական կողմին Վրաստանին ցուցաբերվող ֆինանսական աջակցության համար, որը նպաստում է երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին և ինստիտուցիոնալ արդիականացմանը»,- նշված է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Տեղեկության համաձայն, հանդիպման ընթացքում Դարչիաշվիլին մանրամասն ներկայացրել է Վրաստանի եվրաինտեգրման ընթացքը և վրացական կողմի ակնկալիքները։ Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական խորհրդականը խոստացել է աջակցել Վրաստանի եվրոպական ձգտումներին։
«Կողմերը ողջունել են այս տարվա հոկտեմբերի 6-ին Պրահայում նախատեսված Եվրոպական քաղաքական միության առաջին հանդիպումը, որին կմասնակցեն եվրոպական երկրների ղեկավարները։ Դյումոնն ընդգծել է, որ այս նախաձեռնությամբ Ֆրանսիայի նախագահը եվրոպական ընտանիքի անդամներին բանակցությունների լրացուցիչ հարթակ է առաջարկել։
Հանդիպմանը կարևորվել է նաև Վրաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման 30-ամյակը, որը նշվում է այս տարի»,-ասված է արտաքին գերատեսչության հաղորդագրությունում: