Հայաստանում Ֆրանկոֆոնիան է թևածում։ Հոկտեմբերի 11-ին և 12-ին Երևանում կայանալիք միջազգային հայտնի կազմակերպության 17-րդ գագաթաժողովի շրջանակներում նախատեսված միջոցառումները մեկնարկեցին կիրակի՝ հոկտեմբերի 7-ին։
Երևանում այդ օրը կայացավ Ֆրանկոֆոնիայի Մշտական խորհրդի 105-րդ նիստը, որին մասնակցում էին կազմակերպության լիիրավ, ասոցացված և դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունների և կառավարությունների, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործընկեր կառույցների շուրջ հարյուր բարձրաստիճան պատվիրակություններ:
Երևանի Ազատության հրապարակում բացվեց «Ֆրանկոֆոնիայի ավանը», որը կգործի մինչև հոկտեմբերի 12-ը, ժամը 12:00-20:00-ն։
Հյուսիսային ֆրանսախոս երկրներում նախ ձևավորվելով որպես փոքրիկ ակումբ, այնուհետև դառնալով միջազգային խոշոր կազմակերպություն, Ֆրանկոֆոնիան այսօր ընդգրկում է 56 լիիրավ, 4 ասոցացված և 26 դիտորդի կարգավիճակ ունեցող պետություն։ Ունի բազմաթիվ մասնաճյուղեր իր անդամ երկրներում՝ մշակութային, գիտական, տնտեսական, արդարադատության ու խաղաղության հարցերով։
Այժմյան կարգավիճակով Ֆրանկոֆոնիան գործում է 1970 թվականից։ Կազմակերպության կարգախոսն է «Հավասարություն, փոխլրացում, համերաշխություն»:
Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ է ձեռք բերել 2004 թվականին Ուագադուգուի գագաթնաժողովում։ Իսկ արդեն 2012 թվականի հոկտեմբերի 13, 14-ին Կինշասայում (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ Հայաստանը միաձայն կերպով դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 54-րդ լիիրավ անդամ պետությունը: 2016 թ. նոյեմբերի 27-ին Անտանանարիվուի (Մադագասկար) գագաթնաժողովի ժամանակ Ֆրանկոֆոնիայի երկրների և կառավարությունների ղեկավարները Հայաստանը սահմանեցին որպես 2018 թ. Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը հյուրընկալող երկիր:
Լինելու են 83 երկրի բարձրաստիճան պատվիրակություններ, ինչպես նաև ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մեկ տասնյակից ավելի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաժողովին առաջին անգամ կմասնակցի Վրաստանի Հանրապետության ղեկավարությունը՝ վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորությամբ։
Ֆրանկոֆոնիայի 17-րդ երևանյան գագաթաժողովի լոգո ընտրվել է նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջ տարածքի խաղաղության և բարգավաճման։
Գագաթնաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»։
Ֆրանկոֆոնիայի երկամսյակի կապակցությամբ հարյուրավոր մշակութային և կրթական միջոցառումներ են իրականացվելու ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ հանրապետության ողջ տարածքում: