Հրաշալի պայմաններ. Ռեգինա Կրյուգերն այսպես է նկարագրում 2 շաբաթ տևողությամբ կարանտինային շրջանը, որն ավարտվում է վաղը:
Ռեգինան կարանտինում հայտնվել է ամուսնու հետ միասին: Զույգը Իտալիայից է վերադարձել, իտալական ճանապարհորդությանը փոխարինել է 14-օրյա կյանքը Թբիլիսիի Իսանի թաղամասի հյուրանոցներից մեկում: Նրանց մոտ ամեն ինչ կարգին է, վաղը տուն՝ Ռուսթավի են վերադառնում:
Ասում է՝ բողոքելու տեղ չկա: Առողջ սնունդ՝ ինչքան ուզես, ցանկության դեպքում պատվիրում ու ստանում են ամեն ինչ՝ օրինակ գազավորված ըմպելիք ու ծխախոտ: Սենյակը մաքուր է, գեղեցիկ տեսարանով, ինտերնետ կապ կա:
Այս ընթացքում միայն օրական 3 անգամ ջերմաչափվել են, այլ միջամտության կարիք չի եղել, քանի որ ջերմություն ու որևէ գանգատ չեն ունեցել: Անձնակազմի հետ կապը հիմնականում հեռախոսի միջոցով է: Որպես ապացույց՝ Ռեգինան լուսանկարներ է ուղարկել՝ հյուրանոցի ՝ իրենց համարից:
Հյուրանոցային համարներում առավելագույնը 2 անձ է, այն հյուրանոցը, որում Ռեգինան է, կարանտինային շրջան անցնում է ընդհանուր առմամբ 30 քաղաքացի:
Հիշեցնենք՝ երբ պարզ դարձավ, որ կորոնավիրուսի հետագա տարածումն անխուսափելի է, կառավարությունը որոշում ընդունեց ռիսկային երկրներից վերադարձողների համար 2 շաբաթ տևողությամբ կարանտինային շրջան սահմանել, հետո որոշումը տարածվեց ցանկացած երկրից վերադարձողների համար:
Եվս մեկ կարանտինային պատմության մասին կարող եք կարդալ մեր նախորդ հոդվածում, օպերայի երգիչ, տենոր Գիգի Պետրիաշվիլին Ալիքին ասել է, որ ինքն էլ գոհ է պայմաններից, որում անցնում է կարանտինը: