Սամցխե-Ջավախեթիի Նինոծմինդա քաղաքից Լեյլա Եսոյանը, լինելով հայկական դպրոցի աշակերտուհի, բազում վերելքներ է նվաճել։ 21-ամյա աղջիկն այսօր արդեն սովորում է Իլիայի պետական համալսարանի բիզնեսի կառավարման ֆակուլտետի 4-րդ կուրսում, միաժամանակ աշխատում որպես համակարգող՝ «Սամցխե-Ջավախեթիի մեդիա կենտրոնում»։
Լեյլան ակտիվ երիտասարդ է՝ ընդգրկված բազում ծրագրերում, փորձում է առավելագույնս նպաստել իր շրջանի զարգացմանը։ Նա գտնում է որ պետք է շրջանի խնդիրների մասին բարձրաձայնել, և միահամուռ կերպով փնտրել դրանց լուծման ուղիները։ Մասնակցելով տարբեր նախագծերում և միջազգային ծրագրերում, աշխատում է ձեռք բերել փորձ և գիտելիք՝ այն իր համայնքում օգտագործելու ու դասընթացների և հանդիպումների միջոցով նաև հասակակիցներին փոխանցելու նպատակով։ Իր առաջին մեծ հնարավորությունն ու հաջողությունը համարում է ամերիկյան FLEX (ապագա առաջնորդների փոխանակման) ծրագրում հաղթանակը, որից հետո սկսվեց նրա հաջողությունների ուղին։
Ապագա առաջնորդների փոխանակման (FLEX) ծրագիրը նախատեսված է դպրոցական աշակերտների համար: Ծրագիրը աշակերտներին տալիս է ամբողջական կրթաթոշակ մեկ ուսումնական տարի անցկացնելու ԱՄՆ-ում` ապրելով ամերիկյան հյուրընկալող ընտանիքներում և հաճախելով ամերիկյան դպրոց:
«FLEX-ն առաջին իմ հաջողությունն էր, ամեն ինչ սկսվեց այս ծրագրից հետո։ Այն ինձ հնարավորություն տվեց մեկ տարի սովորել ԱՄՆ-ի ավագ դպրոցներից մեկում, ապրել հյուրընկալ ընտանիքի հետ և ծանոթանալ նրանց մշակույթին։ Բացի այդ, ես հնարավորություն ունեի ներկայացնել իմ պետությունը, ազգությունը և ինչու ոչ, նաև իմ մշակույթը։ Սա գիտելիք և փորձ ստանալու հսկայական հնարավորություն էր, որը համոզված էի՝ կկարողանամ կիրառել հայրենիքում», — նշում է Լեյլան։
Ամերիկայից վերադառնալով Լեյլան չի հանգստացել, ավելին՝ որոշել է էքստեռն քննությամբ 1 տարի շուտ ավարտել դպրոցն ու ընդունվել համալսարան։ Հարկ է նշել, որ 17-ամյա աղջիկը որոշում է ընդունվել ոչ թե էթնիկ փոքրամասնությունների համար նախատեսված «1+4» ծրագրով, այլ ինչպես վրացական դպրոց ավարտած դիմորդ՝ հանձնելով բոլոր քննությունները վրացերեն լեզվով։
«Չնայած նրան, որ «1+4» ծրագրով ևս հնարավոր էր ընդունվել անվճար, այնուամենայնիվ որոշեցի փորձել։ Գրանցվեցի 4 առարկայի քննության, մեծ հույսեր չունեի, որ կընդունվեմ, քանզի պայքարում էի վրացալեզու երիտասարդների հետ հավասար, և ինձ համար բարդ էր վրաց լեզվի և գրականության, ինչպես նաև մնացած առարկաները հանձնել ամբողջությամբ վրաց լեզվով։ Այնուամենայնիվ, բոլոր քննություններում բավականին բարձր ցուցանիշ էի գրանցել և ընդունվել իմ նախընտրած համալսարան։ Լսել էի, որ բարձրլեռնային շրջանների և ոչ վրացալեզու դպրոցների աշակերտները, ովքեր ընդունվել են նման կերպ և ունեն համապատասխան միավորներ, պետությունը տրամադրում է նրանց համալսարանի ամենամյա վճարը։ Գրանցվեցի այս ծրագրին և դիմումս հաստատեցին», — պատմում է Լեյլան:
Լեյլան նշում է, որ շատ դժվարությունների և մարտահրավերների է հանդիպել իր ճանապարհին։ Երբ պատրաստվում էր ընդունելության քննություններին այնքան էլ լավ չէր տիրապետում պետական լեզվին, դժվարանում էր նաև առաջին կուրսում, սակայն համոզված էր, որ շուտ կյուրացնի այն․
«Մեր կուրսում բոլորը վրացիներ էին, միայն ես էի հայ, դժվար էր վրացերենով ուսումնասիրել առանց այդ էլ բարդ առարկաները։ Բայց նպատակ ունեի արագ սովորել լեզուն, քանի որ միակ խնդիրը դա էր, որը հաղթահարեցի հենց առաջին կուրսում։ Այնուհետև դժվարությունները հետզհետե վերացան»։
Լեյլան տարբեր ծրագրերի շրջանակներում ներկայացրել է Վրաստանը, միջազգային նախագծերից մեկում հանդես եկել որպես «Եվրոպացի երիտասարդ դեսպան» Վրաստանից:
Լեյլան բազում հնարավորություններ է ունեցել ուսումնական ծրագրերով արտերկիր մեկնելու, սակայն առանձնացնում է ԵՄ-ի «Erasmus+» փոխանակման ծրագիրը, որի շրջանակներում վերջինիս հնարավորություն է ընձեռնվել 3 շաբաթ անցկացնել Ռումինիայում։
«Միշտ ցանկացել եմ մասնակցել «Erasmus»-ին, չնայած միշտ ինչ-որ բան խանգարել է։ Այս դեպքում խանգարող հանգամանքը համավարակն էր։ Շատ պատահական գրանցվեցի, վերջին օրը, մի քանի օր անց զանգահարեցին և հրավիրեցին հարցազրույցի, այնուհետև տեղեկացա, որ անցել եմ։ Շատ եմ մտորել, մասնակցել թե ոչ, առցանց դասերից ձանձրացած ի վերջո որոշում կայացրեցի մասնակցել ու մեկնել Ռումինիա։ Տարբեր երկրներից 20 ուսանողներ էին ընդգրկված, 3 շաբաթ անցկացրեցինք Բայա Մարե քաղաքում։
Ծրագրի շրջանակներում ծանոթացանք երկրի պատմությանն ու մշակույթին, ունեցանք տարաբնույթ միջոցառումներ, որոնցից մեկի ժամանակ ներկայացրեցինք մեր երկիրն ու նրա պատմական կոթողները։
Այս ծրագիրն ինձ հնարավորություն տվեց սովորել և կիրառել իմացածս, ձեռք բերել ընկերներ տարբեր երկրներից և դառնալ ավելի ինքնավստահ»։
Լեյլան ունի բազում նպատակներ, ջանասիրաբար աշխատում է իրագործել դրանք, և չնայած վերջինիս հաջողվել է այցելել բազում երկրներ, այնուհանդերձ նշում է, որ իր ապագան տեսնում է Վրաստանում։
«Չեմ կարող կանխատեսել ինչ կլինի հետագայում, բայց դեռևս իմ ապագան տեսնում եմ Վրաստանում», — հավելում է աղջիկը։
Տաթև Խոցանյան «Ալիք Մեդիայի» ստաժոր