Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին արձագանքել է քաղաքացիական ակտիվիստ Զուկա Բերձենիշվիլիի վրա հարձակմանը։ Օմբուդսմենի կարծիքով՝ անհրաժեշտ է, որ պետությունը խստորեն արձագանքի բռնության յուրաքանչյուր գործողությանը։
«Քաղաքացիների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարի փաստերը տագնապալի են, հատկապես, եթե հարձակման պատճառը կապված է մասնագիտական գործունեության և/կամ արտահայտված կարծիքի հետ։ Պետությունը պետք է յուրաքանչյուր բռնի միջադեպին խիստ և համապատասխան արձագանք տա, որպեսզի նման դեպքերը զանգվածային կազմակերպված հալածանքների և բռնությունների ձև չստանան»,- նշված է հայտարարության մեջ։
Օմբուդսմենն արձագանքել է նաև խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի՝ հասարակական կազմակերպությունների և ակտիվիստների մասին հայտարարություններին. «Քաղաքացիական սեկտորի և իրավապաշտպանների դեմ քաղաքական գործիչների կողմից արված զրպարտիչ հայտարարությունները՝ ՀԿ-ների համար ստեղծում են ավելի վախեցնող միջավայր և, հաշվի առնելով երկրի համատեքստը, պարունակում են նրանց նկատմամբ բռնությունը խրախուսելու էական սպառնալիքներ»:
Հանրային պաշտպանը կոչ է անում իրավապահ մարմիններին անհապաղ արձագանքել քաղաքացիների նկատմամբ ֆիզիկական հարձակումների փաստերին և հանրությանը տեղեկացնել ձեռնարկված միջոցառումների մասին։