Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն այնպիսի փոփոխություն է կատարել «գործակալների մասին օրենքում», որ օրենքի մոնիտորինգային մասը կանդրադառնա նաև ֆիզիկական անձանց։ Օրենքի այդ կետով արդարադատության նախարարությունն իրավունք կունենա հասարակական կազմակերպություններից (ՀԿ) և լրատվամիջոցներից պահանջել ֆիզիկական անձանց անձնական տվյալներ, չտրամադրելու դեպքում՝ տուգանել նրանց:
Մասնավորապես, փոփոխություն է մտցվել մոնիտորինգի 8-րդ հոդվածի 3-րդ կետում, որով դրա ազդեցությունը և տուգանքները կտարածվեն նաև ֆիզիկական անձանց վրա։
«Քաղաքացիական հասարակության հիմնադրամի» իրավաբան Սաբա Բրաճվելին անդրադառնալով փոփոխությանը, գրել է, որ Վրաստանի խորհրդարանի ընդունած «գործակալների մասին օրենքի» վերջնական՝ խմբագրված տարբերակի համաձայն, արդարադատության նախարարությունն իրավունք կունենա տեղեկատվություն չտրամադրելու համար ՀԿ-ներից զատ 5000 լարիով տուգանել անհատներին, այդ թվում ֆիզիկական անձանց։ Բրաճվելին գրառմանը կից ներկայացրել է օրենքի վերջնական՝ հաստատված տարբերակը:
Նրա խոսքով, կառավարությունը լուռ փոփոխություններ է մտցրել օրենքում՝ նշելով երկրորդ լիագումար նիստի արձանագրությունը, որով իր գործողությունն ու պատժամիջոցները տարածվելու են նաև ֆիզիկական անձանց վրա։
«Երրորդ ընթերցմամբ ընդունված օրենքի համաձայն՝ արդարադատության նախարարությունն իրավունք կունենա պահանջելու ոչ միայն ցանկացած տեսակի անձնական տվյալներ, այլ նաև գաղտնի տեղեկատվություն: Արդարադատության նախարարությունն իրավունք կստանա յուրաքանչյուրին (այդ թվում՝ ֆիզիկական անձանց) տուգանել 5000 լարիով՝ պահանջվող տեղեկատվությունը (ներառյալ գաղտնի տեղեկությունները) չներկայացնելու համար»,- գրել է իրավաբանն ու հավելել՝ այս նոր տուգանքը լրացուցիչ է և չի փոխարինում արդեն իսկ գրանցված 25, 20 և 10 հազարական լարի տուգանքին:
Ըստ նրա՝ օրենքով կառավարությունը հնարավորություն ունի տուգանել ցանկացած կազմակերպության, դոնորի, անձի այնքան և այն չափով, մինչև նրա հաշիվներին ամբողջությամբ կալանք դրվեն և գործունեություն ծավալելն անհնարին դառնա:
Նշված փոփոխությունների մասին «ռուսական օրենքի» գծով զեկուցող իշխող ուժի ներկայացուցիչ Անրի Օխանաշվիլին խոսել է մայիսի 1-ին խորհրդարանի լիագումար նիստում՝ օրինագծի երկրորդ ընթերցման ժամանակ։ Այս կետը, սակայան, հայտնվել է երրորդ ընթերցմամբ հաստատված տարբերակում։
Մինչ այժմ «Վրացական երազանք»-ը պնդում է, որ «ռուսական օրենքը» չի տարածվում ֆիզիկական անձանց վրա։ «Վրացական երազանք» խմբակցության պատգամավոր Թենգիզ Շարմանաշվիլին radiotavisupleba-ին ասել է, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» («գործակալների մասին օրենքի») օրենքի վերջնական՝ խմբագրված տարբերակում «անձ» եզրույթը չի ենթադրում ֆիզիկական անձ:
«Ինը հարյուր անգամ բացատրվել է, որ ֆիզիկական անձն այս գործունեության հետ կապ չունի… Սա չի վերաբերում որևէ ֆիզիկական անձի, եթե դա ինչ–որ խնդիր է ստեղծում, անձամբ ես կնախաձեռնեմ, որ այդ բառը հանվի»,- ասել է պատգամավորը։
Իշխող «Վրացական երազանքը» երրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»՝ հանրային լայնածավալ բողոքի ակցիաների և արևմտյան գործընկերների քննադատության ֆոնին։ Վրաստանի խորհրդարանը «գործակալների մասին օրենքն» ուղարկել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին` ստորագրելու: Հայտնի է, որ Զուրաբիշվիլին մտադիր է վետո դնել օրենքի վրա։