Միջազգային վարկանիշային Fitch ընկերությունը բարելավել է Վրաստանի վարկային վարկանիշի կանխատեսումը կայունից դրականի, և վարկանիշը գնահատել է BB մակարդակով։
Ըստ Fitch-ի զեկույցի՝ դրական հեռանկարը Վրաստանում արտացոլում է ՀՆԱ-ի ավելի բարձր աճը։ Զեկույցի համաձայն՝ 2022 թվականին միջազգային պահուստների և հարկաբյուջետային արդյունավետության աճը պայմանավորված է զբոսաշրջության վերականգնմամբ և Ռուսաստանից մեծ թվով միգրանտների և կապիտալի ներհոսքով:
Fitch-ի կանխատեսմամբ՝ 2023 թվականին ՀՆԱ-ի աճը կկազմի 4,5 տոկոս, իսկ 2024 թվականին՝ 5 տոկոս։
Fitch-ը գրում է նաև Վրաստանի մակրոտնտեսական ցուցանիշների վրա աշխարհաքաղաքական մարտահրավերների ազդեցության մասին և նշում, որ Ռուսաստանի հետ համագործակցելու կառավարության ջանքերն ավելի են բարդացնում ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ ստանալու հեռանկարը: