Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակներում հանդիպել է Պետդեպարտամենտի պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար, դեսպան Ջիմ Օ՛Բրայենի հետ, փոխանցում է Վրաստանի ֆինանսների նախարարությունը:
Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկվել են միջազգային պատժամիջոցների կիրառման գործընթացում Վրաստանի ձեռնարկած քայլերը և այդ ուղղությամբ գործընկերների հետ համակարգման հարցերը։
Տեղեկության համաձայն, ԱՄՆ Պետդեպարտամենտի առաջարկով ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությանը հասանելի է դարձել DOLFIN միջազգային պատժամիջոցների ուսուցման հարթակը։
«Ֆինանսների նախարարը շնորհակալություն է հայտնել Պատժամիջոցների կոորդինացման գրասենյակի ղեկավարին պատժամիջոցների կիրառման գործընթացում միջազգային փորձի փոխանակման ուղղությամբ Վրաստանին տրված աջակցության համար և հույս հայտնել, որ այս ուղղությամբ հետագա գործունեությունն ավելի կամրապնդի երկրի կարողությունները միջազգային կանոնակարգերի կիրառման ուղղությամբ»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
ԱՄՆ կատարած այցի ընթացքում Խուցիշվիլին հանդիպել է նաև ԱՄՆ-ի Առևտրի դեպարտամենտի քարտուղարի օգնական Մեթյու Աքսելրոդի հետ։ Հանդիպմանը քննարկվել է նաև Վրաստանի կողմից պատժամիջոցների կիրառման հարցը։