Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) աշխատակիցները մասնակցել են ֆինանսական հանցագործությունների հետաքննության հարցերով միջգերատեսչական դասընթացին։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ-ի ֆեյսբուքյան էջից։
Ըստ տեղեկության՝ դասընթացն անցկացվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Ուսուցում և գործառնական գործընկերություն ընդդեմ կազմակերպված հանցավորության TOPCOP» ծրագրի շրջանակներում։
Նշվում է, որ զորավարժությունը մեկնարկել է Կենտրոնական քրեական ոստիկանության վարչության տնօրեն Մամուկա Չելիձեի ողջույնի խոսքով: Չելիձեն շնորհակալություն է հայտնել ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներին աջակցության, իսկ ծրագրի թիմին՝ ակտիվ համագործակցության համար։
Տեղեկության համաձայն՝ զորավարժությանը մասնակցել են նաև ֆինանսների նախարարության, պետական պահպանության ծառայության և գլխավոր դատախազության աշխատակիցները։
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է ՆԳՆ միջազգային կապերի վարչության հետ սերտ համագործակցությամբ 2020 թվականից և կտևի մինչև 2024 թվականը։ Այն նպատակ ունի ամրապնդել Արևելյան գործընկերության երկրների իրավապահ մարմինների միջև ռազմավարական և գործառնական համագործակցությունը (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա), ինչպես նաև ուժեղացնել ԵՄ անդամ երկրների և ԵՄ համապատասխան իրավապահ մարմինների կարողությունները։