30-ամյա տղամարդու կողմից 26-ամյա նախկին կնոջը սպանելու, այնուհետև ձորը նետելու դեպքը մեծապես հուզել է Վրաստանի հասարակությանը։ Կատարված քրեական հանցագործության վերաբերյալ քննարկումներ են ընթանում կնոջ իրավունքների պաշտպանների, ֆեմինիստների և առհասարակ ֆեմիցիդի դեմ պայքարող անձանց շրջանում։
Ներքին գործերի նախարարությունը դեպքի վերաբերյալ հունիսի 6-ին մանրամասներ է հաղորդել, ըստ որի` մեղադրյալը նախկին կնոջը սպանելուց հետո դիակը թաքցրել է վարձակալած մեքենայի բեռնախցիկում, հասել է Գլդանի բանտի հարակից տարածքը և դիակը նետել ձորը։
Գործով հետաքննությունը սկսվել է Վրաստանի ՔՕ 11-րդ պրիմ 109-րդ հոդվածով` դիտավորությամբ ընտանիքի անդամի սպանություն։ «Ալիք Մեդիա»-ն դեպքի մասին զրուցել է Կանանց իրավունքների պաշտպան, Իրավաբանական աջակցության ծառայության փաստաբան, Վրաստանի փաստաբանների միության անդամ, «Սափարի» կազմակերպության փաստաբան Նինո Ռուխաձեի հետ։
«Այս հանցանքը դաժանությամբ կատարված ֆեմիցիդի դեպք է, որի պատճառն այն է, որ տղամարդը ցուցաբերում էր սեփականատիրոջ վարք, ցանկանում, որ կինը լինի իր վերահսկողության տակ։ Մենք` կնոջ իրավունքների պաշտպաններս, կարծում ենք, որ նման դեպքերում մեղավորը պետք է ցմահ ազատազրկվի։ Ցավոք, իմ պրակտիկայում մինչ օրս միայն մեկ քրեական գործ է եղել, և ընդհանրապես` 100 քրեական գործից 1 դեպքում է լինում, որ կնոջ սպանության համար մեղադրվող անձը դատապարտվի ցմահ ազատազրկման», — ասաց իրավաբանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում։
Ֆեմիցիդը (կնասպանությունը) կանանց և աղջիկների սպանությունն է՝ գենդերային պատկանելության հիմքով, որը պայմանավորված է գենդերային անհավասարության և տնտեսապես կախվածության մեջ լինելու հանգամանքներով։
«Կարծում եմ, այսօր Վրաստանում ֆեմիցիդ իրականացնող դատապարտյալների նկատմամբ արժանի պատժիչ մեխանիզմներ չեն գործում, մի քանի տարով ազատազրկումն ավելի է հունից հանում նրանց, և ավելի մեծ հանցանքներ են գործում բանտից դուրս գալուց հետո», — ասում է Ռուխաձեն։
Ռուխաձեի կարծիքով` շատ ցավալի է, բայց ամեն ամիս լինում են նման դեպքեր. սպանվում է կին, որը, պարզվում է, կամ` ընտանեկան բռնության զոհ է, կամ` սեռով պայմանավորված բռնության զոհ է։
«Միշտ ֆեմիցիդին նախորդում է ֆիզիկական կամ հոգեբանական բռնությունը, որի մասին բռնության զոհը հաճախ պետության համապատասխան մարմիններին չի տեղեկացնում, չի հայտնում, որ իրեն բռնության են ենթարկել։ Սակայն կան նաև դեպքեր, երբ ՆԳՆ-ն չի կարողանում կանխել ֆեմիցիդի հերթական դեպքը։
Ֆեմիցիդի կանխարգելման մեկ տարբերակ էլ կա` էլեկտրական թևնոցի օգտագործումը, որի միջոցով ՆԳՆ-ն կարող է հեռակա կերպով տեղեկանալ, որ կնոջ նկատմամբ բռնություն են գործադրում և ժամանակին հասնել դեպքի վայր»։
Իրավաբանի խոսքով, շատ կարևոր է, որ պետությունն այս խնդրին խստորեն արձագանքի, տարբեր մեխանիզմներ ձեռնարկի ֆեմիցիդի կանխարգելման համար․
«Հարկավոր է, որ պետությունն աշխատի և՛ բռնություն գործադրողների հետ, և՛ բռնության ենթարկվող կանանց տնտեսապես հզորացնի ու նրանց համար ստեղծի ապրելակերպի արժանավայել պայմաններ։ Այսօր կինն ընտրության հնարավորություն չունի` մնալ բռնություն գործադրողի հետ, թե օգնություն հայցել պետությունից, և ճարահատյալ մնում է բռնություն գործադրողի հետ, և նման դեպքերը շատ հաճախ ավարտվում են ֆեմիցիդով»։
Վրաստանի գլխավոր դատախազության վիճակագրական տվյալներով՝ 2023 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում ընտանեկան բռնության հատկանիշով ֆեմիցիդի մեղադրանքով գործ է հարուցվել 2 անձի նկատմամբ, իսկ ոչ ընտանեկան բռնության հատկանիշով՝ 3 անձի նկատմամբ։
Անցած տարի՝ 2022 թվականին Վրաստանում սպանվել է 25 կին, 15 սպանություն կատարվել է որպես ընտանեկան հանցագործություն, իսկ 11-ը՝ որպես ոչ ընտանեկան հանցագործություն։ Անցած տարի գրանցվել է կնոջ սպանության 37 փորձ, որից 28-ը՝ ընտանեկան հանցագործության հատկանիշներով։
Ֆեմիցիդի վիճակագրությունը և միտումները վերջին հինգ տարիներին․
- Վերջին հինգ տարիներին (2018-2022) Վրաստանում սպանություն կամ սպանության փորձ է կատարվել 167 կնոջ նկատմամբ։
- Սպանության 34 դեպքերը կատարվել են ամուսինների կողմից։
- Ֆեմիցիդի փորձի զոհերի մեծ մասը 18-ից 30 տարեկան կանայք են եղել: