Իրավապաշտպան, Ռուսաստանի կառավարության քննադատ, փաստաբան Մարկ Ֆեիգինը և Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը որոշել են #SaveMisha-ին խորագրով միջազգային քարոզարշավ անցկացնել՝ ի պաշտպանություն Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի։
Ֆեիգինը և Արեստովիչը YouTube-ի ալիքում դիմել են Ֆեիգինի հաղորդաշարի հեռուստադիտողներին, որպեսզի հունվարի 4-ին, տեղական ժամանակով ժամը 12:00-14:00-ն հավաքվեն այն երկրների Վրաստանի դեսպանատների մոտ, որտեղ իրենք գտնվում են, և պահանջեն, որ Սաակաշվիլիին տեղափոխեն արտերկիր բուժման:
Արեստովիչի խոսքով, դեսպանատներում գործողությունները միջամտություն չեն Վրաստանի ներքին գործերին և ուղղված են մարդու փրկությանը։
Ի դեպ, Թբիլիսիի քաղաքային դատարանում քննարկվում է Սաակաշվիլիին պատժից ազատելու կամ պատիժը հետաձգելու միջնորդությունը։ Փաստաբանները դեկտեմբերի 1-ին դիմել են դատարան. միջնորդագրի հիմքում նշվում է Սաակաշվիլիի առողջական ծանր վիճակը։
Նշենք նաև, որ երրորդ նախագահի ընտանիքի անդամները, ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կառավարությանը կոչ են անում Սաակաշվիլիին բուժման նպատակով արտասահման տեղափոխել։