Համաշխարհային տեխնոլոգիական առաջատար ընկերությունները՝ Facebook-ը, Microsoft-ը, Twitter-ը և YouTube-ը, պայմանավորվածություն են ձեռք բերել իրենց կայքերի միջոցով կանխել ծայրահեղական նյութերի տարածումը:
Բրիտանական BBC լրատվականի փոխանցմամբ, հիշյալ ընկերությունները դեկտեմբերի 5-ին արած համատեղ հայտարարության մեջ անհրաժեշտություն են համարում տվյալների ընդհանուր բազայի ստեղծումը, որի օգնությամբ վեբ-հսակաները ունակ կլինեն ստուգել վերբեռնվող նկարի և տեսանյութի բովանդակությունը, ծայրահեղական կոնտենտ պարունակելու դեպքում՝ կանխելով դրանց տարածումը:
Twitter-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ընկերության մատուցած ծառայությունների մեջ տեղ չունեն ահաբեկչություն հրահրող նկարներն ու տեսանյութերը:
«Եթե սպառողը համարում է, որ իր նկարը սխալմամբ է հեռացվել, նա կարող է բողոքարկել այդ որոշումը, և նրա պահանջը կվերանայվի»,-նշված է Twitter-ի տարածած հայտարարութան մեջ:
Տեղեկացնենք՝ ընկերությունների համատեղ գործողությունը նպատակ ունի վերացնել ահաբեկչական խմբավորումների քարոզչությունը: