Էթնիկ փոքրամասնություններով բնակեցված մարզերում մանկապարտեզների քանակը բավարար չէ

Նախադպրոցական կրթության հասանելիության հիմնական խնդիրներից է ազգային փոքրամասնություններով բնակեցված գյուղերում մանկապարտեզների անբավարար թիվը։ Վրաստանի մնացած տարածքների համեմատ՝ էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններում մանկապարտեզների թիվը 2,7 անգամ քիչ է,  նշված է Եվրոպայի խորհրդի ազգային փոքրամասնությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի խորհրդատվական հանձնաժողովի (FCNM) Վրաստանի վերաբերյալ չորրորդ զեկույցում։ Զեկույցը մանրամասնորեն ուսումնասիրել է Վրաստանում առկա իրավիճակն ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության առումով 2019-2023 թվականների ընթացքում։

Մանկապարտեզների քանակի հետ կապված խնդիրները շարունակում են արդիական մնալ։ Բոլոր գյուղերում չէ, որ կան մանկապարտեզներ, սակայն կա այլընտրանք, ըստ որի՝ մանկապարտեզ չունեցող գյուղերի երեխաները հնարավորություն ունեն  հաճախելու առավել մոտ գտնվող գյուղի մանկապարտեզ։ Հարկ է նշել, որ ճանապարհածախսն ամբողջովին ֆինանսավորում է քաղաքապետարանը։

«Քանի որ մեր գյուղում չկա մանկապարտեզ, աղջիկս հաճախում է հարևան գյուղ։ Ես շատ եմ կարևորում, որ երեխան հաճախի մանկապարտեզ, դրա շնորհիվ նա ավելի ինքնուրույն կդառնա, կշփվի երեխաների հետ, ընտանեկան միջավայրից բացի` այլ միջավայրի ևս կծանոթանա և ամենակարևորը՝ շատ բան կսովորի մինչև դպրոց հաճախելը»,- ասաց մանկահասակ երեխայի մայրն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ։

Մանկապարտեզներում ամենատարածված խնդիրը տարածքի ակնհայտ փոքր լինելն է, քանի որ հնարավոր է մեկ գյուղի մանկապարտեզ հաճախի ավելի քան 5-6 գյուղի երեխա։ Երեխաները խմբերի են բաժանվում ըստ տարիքի, և  ժամանցն ու ուսումը ապահովելու համար հարկավոր է ավելի մեծ տարածք և առանձին սենյակներ։ Չկա տարածք նաև երեխաների ցերեկային հանգիստը ապահովելու համար։ Երեխաները ժամը 10:00-17:00 անցկացնում են մանկապարտեզում առանց քնելու, որը որոշ փոքրիկների համար շատ դժվար է, և ծնողները ստիպված են լինում երեխաներին ավելի շուտ տանել տուն։

«Երեխաներին տրվող սննդից և մանկապարտեզ տեղափոխելուց դժգոհություն չեմ հայտնում, ամեն ինչ բարձր մակարդակով է արվում, բայց քնի համար նախատեսված սենյակ չկա, երեխաները չեն կարող միաժամանակ նույն սենյակում և՛ քնել, և՛ խաղալ, դրա  պատճառով ստիպված ենք լինում ժամը 14:00-ից տուն տանել երեխային»,- ասաց ծնողը։

Որպես օրինակ նշենք, որ Ախալքալաք քաղաքի Կաջո գյուղի մանկապարտեզ են հաճախում ավելի քան  5 գյուղերից՝ Կաջո (Կոչիո), Բեժանո, Ալաթուման, Ագանա (Ականա) և Սիրկվա։ Երեխաների տեղափոխությունը կատարվում է  անվճար, հատուկ մեքենայով, որը նախատեսված է հենց այդ նպատակի համար։

«Մեզ մոտ երեխաները հաճախում են հարևան 5 գյուղերից։ Սննդով, անհրաժեշտ գույքով, գրենական պիտույքներով և պարագաներով ապահովված ենք։

Քանի որ երեխաների թիվը բավականին շատ է, մեզ մոտ միակ խնդիրը տարածքի փոքրությունն է և խաղահրապարակում ասֆալտի բացակայությունը։ Դրսում՝ խաղահրապարակում, քարեր են թափված, որոնք վտանգավոր են երեխաների համար, կարող են վնասվել, այդպիսի մի դեպք արդեն ունեցել ենք »,- նշել է մանկապարտեզի մենեջերը։

Տեղի բնակիչները հույս են հայտնում, որ վերոնշալ խնդիրները ևս կլուծվեն, և երեխաների համար կստեղծվեն առավել հարմար պայմաններ։