Էստոնիայում Վրաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ

Էստոնիայում Վրաստանի դեսպան Զուրաբ Խամասուրիձեին դեկտեմբերի 16-ին կանչել են Էստոնիայի արտաքին գործերի (ԱԳ) նախարարություն:

Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահկնայի խոսքով, դեսպանն ԱԳՆ է կանչվել Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ի հայտարարությունների և Վրաստանի քաղաքացիների նկատմամբ բռնությունների դեպքերը քննարկելու նպատակով:

«Ցավալի է, որ Էստոնիայից երկար տարիներ աջակցություն ստացած երկիրը թշնամական հռետորաբանություն է օգտագործում մեր ինքնիշխանության մասին և կրկնում է ռուսական նարատիվը», — X սոցիալական ցանցում գրել է Ցահկնան:

«Վրացական երազանք»-ի  կառավարությունը դեկտեմբերի 16-ին հայտարարեց, որ Վրաստանի կառավարության քսան ներկայացուցիչների, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի նկատմամբ պատժամիջոցներ կիրառած Լիտվայի և Էստոնիայի հետ շարունակում է մնալ «միակողմանի բարեկամության ռեժիմում»:

Դեկտեմբերի 15-ին Լիտվայի արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ Էստոնիայի հետ համաձայնեցնելով` ընդլայնվել է պատժամիջոցների ենթարկված վրացի քաղաքական գործիչների ցուցակը, և դրան ավելացվել է ևս 17 մարդ, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Դրանից ժամեր առաջ պատժամիջոցների մասին հայտարարել էր նաև Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը: