Էստոնիան դատապարտում է Զուրաբիշվիլիի և Գախարիայի վրա հարձակումները

Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունն X-ում արձագանքել է Թբիլիսիի օդանավակայանում Սալոմե Զուրաբիշվիլիի և Գիորգի Գախարիայի դեմ տեղի ունեցած միջադեպերին՝ կոչ անելով «Վրացական երազանք»-ին դադարեցնել հարձակումները.

«Էստոնիան կոչ է անում «Վրացական երազանք»-ին անհապաղ դադարեցնել հարձակումները և պատասխանատվության ենթարկել հարձակվողներին», — ասվում է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ Մյունխենի անվտանգության համաժողովից վերադառնալիս անհայտ անձինք Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ձվեր են նետել Սալոմե Զուրաբիշվիլիի վրա։

Նախորդ օրը՝ փետրվարի 17-ին, Մյունխենից վերադարձած Գիորգի Գախարիայի և նրա թիմակից Էլգուջա Խոկրիշվիլիի վրա նույնպես ձվեր էին նետել օդանավակայանում։

«Վրաստանի համար» կուսակցությունը հայտարարել է, որ հարձակվողները «Վրացական երազանքի ջոկատներ են», իսկ ոստիկանությունը չի արձագանքել միջադեպին: Օդանավակայանի անվտանգության ծառայությունը նույնպես ոչ մի կերպ չի միջամտել։