Էստոնիան առաջարկում է քննարկել Վրաստանի համար առանց վիզային ռեժիմի չեղարկման հարցը

Էստոնիան առաջարկում է քննարկել Վրաստանի համար ԵՄ/Շենգենյան երկրներ առանց վիզայի ռեժիմը չեղարկելու հարցը։

Այս տեղեկությունը ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստի մեկնարկից առաջ հայտնել է Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնան։

«Վրաստանում վիճակը լավ չէ. Եվրոպան կարող է ավելին անել, Էստոնիան առաջարկում է սկսել առանց վիզային ռեժիմի չեղարկման գործընթացը։ Ես չեմ խոսում վաղը չեղարկելու մասին, բայց պետք է սկսենք այս գործընթացը, որպեսզի շատ ուղիղ և հստակ ուղերձ հղենք, որ ներկայումս Վրաստանը ղեկավարող կառավարությունը խաբում է իր ժողովրդին, և նրանք պետք է փոխեն իրենց ուղղությունը», — ասել է Ցահկնան։

Ցահկնայի խոսքով` իրենք չեն հավատում Վրաստանի կառավարության ասածներին և տեսնում են, թե ինչ է կատարվում իրական կյանքում։

Նշենք, որ այսօր Վրաստանի հարցը կքննարկվի ԵՄ արտաքին գործերի (ԱԳ) նախարարների հանդիպման ժամանակ։