Էրդողանը շնորհավորել է Կոբախիձեին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։

Ռեջեփ Թայիփ Էրդողանի գնահատմամբ՝ «վրաց ժողովրդի կամքը բացահայտած ընտրություններն անցել են խաղաղ ու անվտանգ միջավայրում»։

«Սրտանց շնորհավորում եմ 2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Ձեր ղեկավարությամբ «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակն ու առաջնայնությունը։ Հուսով եմ, ընտրությունների արդյունքները հաջողություն կբերեն Վրաստանի ժողովրդին և մեր տարածաշրջանին։

Լավ է, որ ընտրությունները, որոնք բացահայտեցին վրաց ժողովրդի կամքը, անցան խաղաղ ու անվտանգ միջավայրում։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ մաղթել Ձեզ առողջություն և երջանկություն, իսկ Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և երջանկություն», — նշել է Թուրքիայի նախագահը։

Վրաստանի վարչապետին շնորհավորել են Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընտրություններից գոհ են նաև Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները:

Նշենք. վրաստանյան չորս ընդդիմադիր ուժերը՝ «Վրաստանի համար» կուսակցությունը, «Կոալիցիա փոփոխությունների համար» միավորումը, «Միասնություն — Ազգային շարժում» կոալիցիան և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան, չեն ընդունել ընտրութունների արդյունքները և հրաժարվել են խորհրդարանական մանդատներից:

Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքներով` առաջին տեղում է իշխող «Վրացական երազանք»-ը՝ 53,931 տոկոսից ավելի ձայներով։ 5 տոկոսի շեմը հաղթահարել են չորս ընդդիմադիր քաղաքական միավորումներ. «Կոալիցիա փոփոխությունների համար»՝ 11,035 տոկոս, «Միասնություն-Ազգային շարժում»՝ 10,167 տոկոս, «Ուժեղ Վրաստան»՝ 8,81 տոկոս, «Վրաստանի համար»՝ 7,768 տոկոս:

Ընդդիմադիր կուսակցություններն ու Վրաստանի նախագահը չեն ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիի պողոտայում նրանք ցույց են արել: Ընդդիմությունը նոր ընտրություններ է պահանջել, Զուրաբիշվիլին երդվել է մինչև վերջ ժողովրդի կողքին մնալ: Փորձագետներն ասում են՝ ընտրությունների ճակատագիրը որոշվել է ընտրություններից շատ առաջ:

Դիտորդական կազմակերպությունների տվյալներով՝ ընտրությունների օրը և նախընտրական շրջանում նկատվել են քվեաթերթիկների լցոնման դեպքեր, «կարուսել», մատնանշման, քվեարկության գաղտնիության խախտումներ և այլն:

Միջազգային հանրության, արևմտյան գործընկերներ գործընկերների հիմնական կոչն է՝ ուսումնասիրել ընտրախախտումները։

Անցկացված ընտրությունների վերաբերյալ նախնական գնահատականներ են տվել նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը։ Նրանց գնահատմամբ՝ ընտրությունների օրը եղել են խախտումներ, հաճախ խախտվել է քվեարկության գաղտնիությունը, եղել են նաև ընթացակարգային անհամատեղելիություններ։