Էլիսաշվիլիի գործով «Վիվամեդ»-ը մեղավոր է ճանաչվել 

Վրաստանի անձնական տվյալների պաշտպանության ծառայությունը քաղաքական գործիչ Ալեկո Էլիսաշվիլիի գործով «Վիվամեդ» կլինիկային խախտող է ճանաչել և պահանջել է գլխավոր տնօրեն Նինո Նադիրաձեից` ջնջել Էլիսաշվիլիի անձնական տվյալները պարունակող ֆեյսբուքյան գրառումը։

Տեղեկությունը տարածել է Էլիսաշվիլին և հրապարակել անձնական տվյալների պաշտպանության ծառայության որոշման սքրինշոթը (գրառման լուսանկարը)։

Գործակալությունը պարզել է, որ «Վիվամեդ»-ը խախտել է անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի հոդվածը, որն արգելում է «հատուկ կատեգորիայի տվյալների» անօրինական մշակումը։ Հոդվածը նախատեսում է նախազգուշացում կամ տուգանք մինչև 3000 լարիի չափով։ Կլինիկան միայն զգուշացվել է:

Նինո Նադիրաձեին նաև հրահանգել են ջնջել հունվարի 10-ով թվագրված գրառումը, որտեղ գրված է Էլիսաշվիլիի առողջական վիճակի մասին, և հրապարակված է նրա ռենտգենի լուսանկարը։

«Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից Ալեկո Էլիսաշվիլիին ոստիկանությունը ձերբակալել է դեկտեմբերի 4-ին՝ «Վրացական երազանք»-ի անդամ Ալի Բաբաևի նկատմամբ «հալածանք բռնության կիրառմամբ» մեղադրանքով։ Դեպքը տեղի է ունեցել 2024 թվականի դեկտեմբերի 2-ին Թբիլիսիի Կոստավա փողոցում։

Էլիսաշվիլին, որ ձերբակալվելուց հետո տեղափոխվել էր «Վիվամեդ» կլինիկա, այնտեղ հետազոտություններ էր անցել։ «Ինձ ուղարկեցին անալիզների, ռենտգեն արեցին, ասացին` դու միայն կապտուկներ ունես», — ավելի ուշ գրել էր Էլիսաշվիլին։

Սակայն, ինչպես ինքն էր հայտարարել մեկ ամիս անց՝ հունվարի 10-ին, ավելի ուշ «Վիվամեդ»-ից անկախ կատարված տոմոգրաֆիան ցույց էր տվել, որ նա ոչ միայն կապտուկ ունի, այլև կողոսկրի կոտրվածք։

«Թվում է, թե «Վիվամեդ»-ը ախտորոշումներ է պատրաստում և գրում բողոքի ակցիաների ժամանակ ծեծի ենթարկված և ձերբակալված մարդկանց համար, սակայն, կարծես, նրանց կանչել և հրահանգել են վերեւից», — ասել էր Էլիսաշվիլին։

Ի պատասխան այս հայտարարության՝ կլինիկայի գլխավոր տնօրեն Նինո Նադիրաձեն հրապարակել էր Էլիսաշվիլիի ռենտգենի պատասխանը և գրել. «Ոչ ոք, բացի քեզնից, չի համարձակվել ճնշում գործադրել «Վիվամեդ»-ի վրա և ախտորոշումներ թելադրել։ Սուր տրավմա չի եղել։ Կրկնում եմ՝ սուր։ Հերթապահ բժիշկը նրան նույնիսկ ցավազրկող չի տվել»:

Էլիսաշվիլին գրավի դիմաց ազատ է արձակվել դեկտեմբերի 2-ի դրվագի համար, սակայն մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է մինչև երեք տարվա ազատազրկում: Նրա գործը դատարանում կքննվի այսօր՝ ապրիլի 1-ին։