Հոկտեմբերի 26-ին Վրաստանում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ: Ընտրություններն արդեն իսկ պատմական են որակվում տեխնիկական առումով, քանի որ առաջին անգամ կկիրառվեն էլեկտրոնային տեխնոլոգիաներ:
Վրաստանի ընտրական վարչության տվյալներով՝ ընդհանուր առմամբ, կբացվի 3030 ընտրատեղամաս. 2262 տեղամասում քվեարկությունը կընթանա էլեկտրոնային եղանակով, իսկ 768 տեղամասում` ավանդական։
Տեղեկության համաձայն՝ ընտրական վարչությունը պատրաստ է և անում է ամեն ինչ, որպեսզի ընտրական գործընթացն ընթանա օրենսդրությանը լիովին համապատասխան, թափանցիկ և բարձր մասնագիտական մակարդակով, ինչի նախապատրաստական աշխատանքները տարվում են արդեն մեկ տարուց ավելի։
Հայտնի է նաև, որ ընտրությունների ժամանակ հիմնականում օգտագործվելու է երկու սարք.
- Նույնականացման սարք
Նույնականացման սարքը կօգտագործվի ընտրողների ինքնությունը ստուգելու համար, սա լիովին կփոխարինի ավանդական ընտրացուցակներին: Այն տեղամասերում, որտեղ կանցկացվեն էլեկտրոնային ընտրություններ, այլևս չեն պահանջվի ընտրական ցուցակներ։
- Ձայների հաշվման էլեկտրոնային սարք
Ձայների հաշվման էլեկտրոնային սարքի հիմնական գործառույթը գաղտնիության պահպանումն է: Քվեախցիկում ցանկալի թեկնածուի օգտին քվեարկելուց և այնտեղից դուրս գալուց հետո ընտրողը պետք է քվեաթերթիկը հանձնելու համար մոտենա ձայների հաշվման էլեկտրոնային սարքին։ Ի դեպ, չի թույլատրվում ծալել քվեաթերթիկը, որը A4 ֆորմատի է. վերջինս պետք է դնել ծրարի մեջ և ծրարը շրջել քվեարկության գաղտնիությունը պահպանելու համար։
Էլէկտրոնային տեխնոլոգիաների կիրառումը տարածված է նաև եվրոպական մի շարք երկրներում (Մոլդովա, Ալբանիա, Նիդերլանդներ և այլն): Ընտրության այս կարգի կիրառման հիմնական նպատակը տեխնոլոգիաների վրա հիմնված համակարգի ստեղծումն է, որը թույլ կտա ընտրությունների օրն անցկացնել ստացված ձայների մոնիտորինգ և իրականացնել ընտրական արագ ու ավելի հեշտ գործընթաց՝ հաղորդում է Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն (ISFED) պաշտոնական էջը:
Արդար ընտրությունների իրավական փորձագետ Գիորգի Մոնիավան «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում անդրադարձել է էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ ընտրությունների դրական կողմերին:
Ըստ փորձագետի՝ էլեկտրոնային տեխնոլոգիաների կարևոր դրական կողմերից մեկն այն է, որ սարքերը թույլ են տալիս նախնական արդյունքները ստանալ կարճ ժամանակահատվածում՝ մոտ մեկ ժամում:
«Այս տարի ընտրացուցակների փոխարեն օգտագործվելու է նույնականացման սարք: Եթե մինչ այժմ աշխատակիցներն իրենց հետ բերում էին տպած ցուցակներ, որտեղ ստուգում էին` արդյոք ընտրողը կա՞ ցուցակում, թե՞ ոչ, ապա այժմ այդ ցուցակներն այլևս չեն տպվելու, այլ բեռնվելու են նույնականացման սարքերի մեջ։ Ուստի, երբ ընտրողը կհասնի ընտրատեղամաս և կներկայացնի իր ID քարտը, մեքենան ինքնաբերաբար կգտնի նրան ցուցակում։ Սարքի առավելությունն այն է, որ ավելի արագ և հեշտ է դարձնում ցուցակի որոնման գործընթացը գրանցողների համար և նվազագույնի է հասցնում մարդկային սխալների հավանականությունը»,- ասաց Մոնիավան:
Իսկ ահա երկրորդ՝ ձայների հաշվման էլեկտրոնային սարքի հիմնական դերը, ըստ փորձագետի, քվեարկության գաղտնիության սկզբունքն է, որպեսզի ընտրողը վստահ լինի, որ իր ձայնը գաղտնի է մնալու։
Հարկ է իմանալ, որ երբեմն լինում են դեպքեր, երբ սարքի մեջ տեղադրված տեղեկագիրը տարբեր պատճառներով չի ընդունվում, և սարքը վերադարձնում է տեղեկագիրը։ Ուստի շատ կարևոր է, որ ընտրողը տեղյակ լինի սրա մասին, որպեսզի հնարավորինս պաշտպանված լինի իր քվեարկության գաղտնիությունը։ Ըստ այդմ՝ նա տեղեկագրում նշում կատարելուց հետո անպայման պետք է տեղեկագիրը սարքում տեղադրի հակառակ կողմով:
Գլխավոր ու կարևոր պայմաններից է նաև ընտրական վարչակազմի անդամների գործընթացի վարման ճիշտ ընթացքը։
Նշելով էլեկտրոնային սարքերի դրական կողմերը` փորձագետն ամփոփեց. ստուգման սարքը հետք է թողնում, այսինքն՝ նրա մեջ պահպանվում են թղթե քվեաթերթիկները, ինչը հնարավորություն է տալիս բացելու արկղերը, հաշվելու բոլորը և ստուգելու, թե որքան լավ է աշխատել մեքենան, իսկ մյուս կողմից՝ համոզվել, որ արդյունքներն իսկապես համապատասխանում են իրականությանը և վավեր են: