Վրաստանի հանրակրթական դպրոցներում պարտադիր դարձած էլեկտրոնային մատյանները մի շարք բարդություններ են առաջ բերել ուսուցիչների, աշակերտների և ծնողների համար։
Ավանդական մատյանի փոխարեն էլեկտրոնային մատյան վարելը շատ ուսուցիչներ շարունակում են համարել անհնար, որոշներն էլ փորձում են ընտելանալ, հայկական դպրոցների շահառուների համար, սակայն, այն լրացուցիչ խնդիր է հատկապես վրացերենի չիմացության պատճառով։
Համավարակի պատճառով հեռավար ուսուցումն արդյունավետ և տեսանելի կազմակերպելու նպատակով Վրաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դպրոցական առօրյա բերեց էլեկտրոնային դասամատյանները՝ պարտադիր դարձնելով արդեն 2021-2022 ուսումնական տարվանից։
«Թվային տեխնոլոգիաների դարաշրջանում, բնական է, որ շատերի համար նախընտրելի է էլեկտրոնային մատյանը, սակայն, ըստ իս, այն ունի բացասական կողմեր և շատ խնդիրներ է առաջացնում։ Օրինակ, կարող է սխալ հաշվարկել կիսամյակային գնահատականները։ Եթե աշակերտը չի տիրապետում համակարգչային տեխնոլոգիաներին կամ հասանելի չէ համացանցը, ապա էլեկտրոնային մատյանն օգտագործել հնարավոր չէ։ Ինչ խոսք, ինձ համար հաճելի է գնահատականներս տեսնել օրագրում կամ մինչ այդ ուսուցչի մոտ եղած մատյանում» — «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշեց Ախալքալաքի մունիցիպալիտետի Խավեթ գյուղի հանրային դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Հասմիկ Պետրոսյանը։
Հասմիկն ասում է, որ հենց այդ պատճառներով հաճախ չի ստուգում իր գնահատականները էլեկտրոնային մատյանում։ Բացի այդ, նա առանձնացնում է ևս մեկ խնդիր՝ հարթակը թարգմանված չէ Վրաստանում բնակվող ոչ վրացալեզու քաղաքացիների համար հասանելի լեզվով։ Հատկապես կոմպակտ շրջաններում էթնիկ խմբերի լեզվով գործող դպրոցներում դեռևս քչերն են տիրապետում պետական լեզվին։
«Կարծում եմ ավելի հեշտ կլիներ, եթե հարթակը թարգմանված լիներ էթնիկ փոքրամասնություններին հասանելի լեզվով, չնայած ես պետական լեզվի իմացության խնդիր չունեմ, այնուամենայնիվ այս խնդիրը շատերի մոտ առկա է» — նշում է Հասմիկը։
Կարծախ գյուղի հանրային դպրոցի վրացերենի ուսուցչուհի Նաիրա Մոսոյանը էլեկտրոնային օրագրի ներմուծումը խնդիր չի համարում, անգամ նախապատվություն է տալիս դրան՝ նշելով․
«Ես հիմնականում դժվարություններ չեմ ունեցել այս փոփոխության հետ կապված, բայց, անշուշտ, այս նոր ծրագրից օգտվելու համար հարկավոր է վրացերենի իմացություն։ Իսկ ընդհանուր առմամբ, եթե տիրապետում ես աշխատանքիդ, կարող ես հարմարվել յուրաքանչյուր նոր մեթոդի։ Շատերի համար ընդունելի չէ այն, քանի որ, օրինակ, էլեկտրոնային տարբերակում աշակերտների գնահատականները հնարավոր չէ փոխել, իսկ թղթի վրա հեշտությամբ կարելի էր դա անել»։
Նա ընդգծում է նաև, որ նոր դասամատյանը դժվարությամբ են օգտագործում հատկապես ավագ գործընկերները, ովքեր չեն տիրապետում համակարգչին։
Օրջայի հանրային դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Վարդիթեր Յուզբաշյանը «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշում է, որ վրաց լեզվի մի փոքր իմացությունն անհրաժեշտ է.
«Էլեկտրոնային մատյանը թարգմանելը, իհարկե, կհեշտացներ, հնարավոր է նաև ավելի հաճելի դարձներ մեր աշխատանքը, սակայն ես իմ փորձից ելնելով կարող եմ ասել, որ շատերս յուրացրել ենք արդեն պահանջվող տերմինները, օրինակ «շեմաջամեբելի»-ն (ստուգողական, ամփոփիչ), «դամոուկիդեբելի»-ն (ինքնուրույն) և այլն»։
Յուզբաշյանը նկատում է, որ էլեկտրոնային մատյանով աշխատելը մեծ ուշադրություն է պահանջում, բայց մյուս կողմից էլ հեշտացրել է աշխատանքը, քանի որ կիսամյակային գնահատականներն ինքնըստինքյան է հաշվարկվում։
Ուսուցիչները էլեկտրոնային դասամատյանում նշումներ են անում աշակերտների հաճախումների մասին, լրացնում դասացուցակով նախատեսված օրվա թեման, աշակերտներին տրված հանձնարարությունները։
«Եվս մի փոփոխությունն այն է, որ եթե մինչ այդ եղած մատյաններում աշակերտների անունները հայոց այբուբենի այբբենական կարգով էին դասավորված, այժմ վրացերենի այբուբենով են, դա էլ կարող է շփոթության պատճառ հանդիսանալ, ուստի պետք է առավելագույն ուշադրություն դրսևորել», — ասում է աշխարհագրության ուսուցչուհին՝ վստահեցնելով, որ ժամանակի ընթացքում ուսուցիչները կհմտանան․ միշտ էլ փոփոխությունը դժվար է ընդունվում։