Վրաստանում 4 քրիստոնեական դավանանքների մասնակցությամբ համատեղ միասնության աղոթք է բարձրացվել: Այս մասին տեղեկացնում է Վիրահայոց թեմի մամլո ծառայությունը:
«Կորոնավիրուսային համաճարակի պատճառով Վրաստանում գործող սահմանափակումները սակայն խոչընդոտ չհանդիսացան երկրի 4 քրիստոնեական դավանանքների մասնակցությամբ համատեղ միասնության աղոթք բարձրացնելուն: Էկումենիկ աղոթքը տարիներ շարունակ բարձրացվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի, Վրաստանում Հռոմեա-կաթոլիկական Եկեղեցու, Վրաստանում Ավետարանական-լյութերական Եկեղեցու և Վրաստանում Ավետարանական-մկրտական Եկեղեցու կողմից: Այս տարվա էկումենիկ աղոթքի կազմակերպիչն էր Վրաստանում Ավետարանական-լութերական Եկեղեցին», — ասված է հաղորդագրության մեջ:
2021 թվականի հունվարի 22-ին էկումենիկ աղոթքը տարածվեց Թբիլիսիի Սուրբ Պողոս-Պետրոս լութերական եկեղեցում:
«Էկումենիկ աղոթքին ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը, Անդրկովկասի լատինական կաթոլիկների առաքելական վարչության առաջնորդ Գերաշնորհ Ջուզեպպե եպիսկոպոս Պազոտտոն, Վրաստանում Ավետարանական-մկրտական Եկեղեցու եպիսկոպոսներ Գերաշնորհ Իլյա Օսեփաշվիլին և Գերաշնորհ Ռուսուդան Գոցիրիձեն, Վրաստանում Ավետարանական-լութերական եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Մարկուս եպիսկոպոս Շոխը, տարբեր եկեղեցիների հոգևոր սպասավորներ:
Բոլոր մասնակիցները խոսեցին էկումենիկ աղոթքի կարևորության մասին` նշելով, որ այսպիսի միջոցառումները կարող են մոտեցնել եկեղեցիների հավատացյալներին` պաշտելու միակ Աստծուն և Փրկչին` Հիսուս Քրիստոսին: Առաջնորդ եպիսկոպոսները սիրո և խաղաղության լույսով վառեցին մոմերը Աստծու խոսքը լսելու, միասին լինելու և աշխարհում խաղաղություն հաստատելու խնդրանքով: Միասին աղոթեցին համաճարակային արհավիրքներից և պատերազմի աղետներից մարդկությանը փրկելու համար:
Էկումենիկ աղոթքն ավարտվեց հոգևոր հայրերի կողմից իրենց մայրենի լեզվով աղոթքով և օրհնությամբ», — նշվում է հաղորդագրության մեջ: