Վրաստանի Ազգային բանկի (ԱԲ) առաջին փոխնախագահ է ընտրվել Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Նաթիա Թուրնավան։
Այդ պաշտոնում նրա թեկնածությանը կողմ է արտահայտվել ԱԲ-ի խորհրդի 7 անդամներից 5-ը: Ըստ այդմ՝ Թուրնավան ԱԲ նախագահի պաշտոնը կզբաղեցնի այնքան ժամանակ, քանի դեռ բանկը նոր նախագահ չունի։
Ուշագրավ է, որ ԱԲ-ի առաջին փոխնախագահի պաշտոն նախկինում գոյություն չուներ։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն օրերս համապատասխան փոփոխություններ կատարեց օրենքում այն բանից հետո, երբ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվեց իշխող թիմի նախընտրած թեկնածուին ԱԲ-ի նախագահի պաշտոնում ներկայացնել խորհրդարան։
Այդ իսկ պատճառով «Վրացական երազանքը» ներկայացրել է փոխնախագահի պաշտոնը, որը նախագահի գործառույթը կկատարի այնքան ժամանակ, քանի դեռ նոր նախագահ չի ընտրվել։
Ընդգծենք՝ Վրաստանի նախագահը վետո է դրել նշված փոփոխությունների վրա՝ պատճառաբանելով, որ այն վտանգ է ներկայացնում ԱԲ-ի անկախության համար, թեև իշխող կուսակցությունը վետոն հաղթահարել է այս տարվա հունիսի 13-ին։