Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլին այսօր՝ մայիսի 16-ին կայացած կառավարության նիստից հետո մի շարք հայտարարություններ է արել, կապված նավթի գների, ալյուրի ներկրման և հացի թանկացման մասին:
Դավիթաշվիլին խոսքով՝ ալյուրի ներկրման համար արհեստական խոչընդոտների ստեղծումն անընդունելի է Վրաստանի կառավարության համար։
«Երկրում ալյուր կա, պարենային անվտանգության առումով երկիրը խնդիր չունի։ Մեզ համար հիմնական ելակետը բնակչության համար հացի հասանելիությունն է և հնարավորինս մատչելի գները»,- ասել է Դավիթաշվիլին։
Նախարարը նաև նշել է, որ այս առումով Վրաստանում պարենային անվտանգության խնդիրն օրակարգային չէ, քանի որ ալյուրի ներկրումն ակտիվորեն իրականացվում է ու երկիրն ունի ցորենի որոշակի պաշարներ։
Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ այսօր հացի թանկացման նախադրյալներ չկան:
Ինչ վերաբերում է նավթի գնին, ապա ըստ Դավիթաշվիլիի՝ կառավարությունը նավթային ընկերություններին կոչ է անում նվազեցնել վառելիքի մանրածախ վաճառքի գինը։
«Մրցակցային գործակալությունն ուսումնասիրել է շուկան, հետաքրքիր բացահայտումներ ունի։ Հարցը քննարկել ենք շաբաթ օրը կառավարության տնտեսական թիմի նիստում։ Սա ցույց է տալիս, որ շուկայում մանրածախ գներն էապես տարբերվում են, և այն աճի վրա եղած ազդեցությունը համահունչ չէ միջազգային շուկայում գների աճին»,- ասել է Դավիթաշվիլին։
Նախարարը ակնկալել է, որ վառելիքի գինը պետք է էլ ավելի նվազի։
Կարդացեք նաև՝