
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի մոր՝ Գիուլի Ալասանիայի խոսքով, երրորդ նախագահի գործն ուղարկվել է Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Սակայն Սաակաշվիլիի փաստաբանները ոչ հերքում, ոչ հաստատում են այս տեղեկությունը։
«Առողջական վիճակից ելնելով` մարդուն պետք է հնարավորություն տրվի վերականգնելու առողջությունը, եթե նա դա անելու հնարավորություն ունի»,- ասել է Ալասանիան։
Հատկանշական է, որ Սաակաշվիլիի փաստաբաններն ավելի վաղ հայտարարել էին ժամանակավոր միջոց կիրառելու վերաբերյալ Ստրասբուրգի դատարան դիմելու մասին։ Սակայն դեռևս հայտնի չէ, թե Սաակաշվիլին ինչ խնդրանքով է դիմել Ստրասբուրգ, և արդյո՞ք դրա հիմքում ժամանակավոր միջոցի տրամադրումն է։
Ի դեպ, դատարանի կանոնակարգի 39-րդ հոդվածի համաձայն, դատարանն իրավասու է կիրառել պետության համար պարտադիր ժամանակավոր միջոցներ։ Մինչ հիմնական գործը քննելը, դատարանը ժամանակավոր միջոցի կիրառման պահանջը բավարարում է միայն հստակ սահմանված պայմաններում, երբ առկա է կոնվենցիայի լուրջ խախտման վտանգ։