Վրաստանի իշխող կուսակցությունը McDonald’s-ին մեղադրել է ԼԳԲՏ քարոզչության մեջ։ «Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ մեկնաբանելով McDonald’s մանկական Happy Meal նվերների գրքում երգիչ Էլթոն Ջոնի մասին պատմության ներկայությունը, ասել է. «Երեխաների շրջանում ԼԳԲՏ քարոզչությունն աղետ է»։
Մինչ այդ, «Իմեդի» հեռուստաալիքը հայտնել էր, որ մանկական Happy Meal հավաքածուի մեջ գիրք է հայտնաբերվել, որը պատմում է բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնի մասին, որտեղ նշվում է նրա ամուսնությունը Դեյվիդ Ֆերնիշի հետ։
«Վրաստանի թշնամիների, Վրաստանի դեմ դավադրության մասնակիցների խնդիրն է ստեղծել դիմակայության նոր ու նոր կենտրոններ։ Ցավալի է, եթե McDonald’s-ը ներառվի այս պայքարում»,- ասել է խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին։
ԼԳԲՏ-ի թեման վերջերս ավելի ու ավելի է արծարծվում վրացի պաշտոնյաների հայտարարություններում։ Իշխող կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն վերջերս երիտասարդների շրջանում ընդդիմադիր տրամադրությունները պայմանավորեց այն հանգամանքով, որ ակտիվիստներն ունեն «այլ կողմնորոշում»։