Ըստ հետազոտության` Ամաղլոբելիի վիճակը վատթարացել է․ բժիշկ

«Վիվամեդի» կլինիկայի տնօրեն Զուրաբ Չխաիձեն կոչ է արել Մզիա Ամաղլոբելիի ընտանիքի անդամներին համոզել ազատազրկված լրագրողին, որ դադարեցնի հացադուլը։

Ըստ Զուրաբ Չխաիձեի` եթե «Նեթգազեթի» և «Բաթումելեբի» լրատվամիջոցների հիմնադիրը չդադարեցնի հացադուլը, հնարավոր է, որ նրա կյանքին վտանգ սպառնա։ Նա «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ իր կանխատեսումն անում է վերջին հետազոտությունների արդյունքների հիման վրա։

«Նրա ընդհանուր վիճակը համապատասխանում է երկարատև հացադուլին։ Ցանկանում եմ դիմել նրա գործընկերներին, համախոհներին, ընտանիքի անդամներին, փաստաբաններին․ Մզիան պետք է լիովին հետևի բժիշկների հանձնարարականներին։ Խորհուրդ է տրվում սկսել սննդի ընդունումը՝ սա միակ ճանապարհն է, որպեսզի խուսափենք մահաբեր վիճակից։

Սա պնդելու հիմք են տալիս նրա առողջական վիճակն ու իրականացված լաբորատոր հետազոտությունները»,- ասել է Զուրաբ Չխաիձեն։

Նա նաև նշել է, որ Մզիա Ամաղլոբելին տեղեկացված է հնարավոր ռիսկերի մասին, բայց դեռ չի ընդունում հացադուլը դադարեցնելու որոշում։

Մզիա Ամաղլոբելին հացադուլ է անում արդեն 37 օր։ Հացադուլի 24-րդ օրը, առողջական վիճակի վատթարացման պատճառով, նրան տեղափոխել են «Վիվամեդ» կլինիկա։

Ամաղլոբելին ձերբակալվել է 2025 թվականի հունվարի 11-ին Բաթումիի ոստիկանության պետ Իրակլի Ջեբուաձեի ցուցումով` վերջինիս ապտակելու մեղադրանքով։