Ըստ Հակակոռուպցիոն բյուրոյի` ընդդիմությունը ֆինանսական թափանցիկություն չի ապահովում

Վրաստանի հակակոռուպցիոն բյուրոն, որի նախագահին նշանակել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ընդդիմադիր կուսակցություններին մեղադրել է ֆինանսական անթափանցիկության համար և կասկած հայտնել, որ նրանք ֆինանսավորում են ստանում օրենքի խախտմամբ։

Բյուրոյի նախագահ Ռաժդեն Կուպրաշվիլին ասուլիսում խոսել է կոնկրետ կուսակցությունների մասին։ Ըստ նրա՝ «Եվրոպական Վրաստան», «Ռազմավարություն Աղմաշենեբելի», «Միացյալ ազգային շարժում», «Գիրչի — առավել ազատություն», «Ուժեղ Վրաստան՝ Լելո, Ժողորդի համար, Ազատության համար», «Էլենե Խոշտարիա, Նոր միասնություն՝ Գվարամիա, Մելիա» կուսակցություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեն բացահայտել ֆինանսավորումը:

«Նրանց նախընտրական արշավներն ու գործունեությունը կարող են ֆինանսավորվել նաև օտարերկրյա դոնոր կազմակերպություններից կամ այլ աղբյուրներից, որոնք իրենց հերթին գումար են վճարում այդ քաղաքական կուսակցությունների հետ կապված հասարակական կազմակերպություններին: Այս սխեմայով օտարերկրյա փողերով քաղաքական կուսակցություններին և գործընթացին աջակցումն սպառնալիք է արդար ընտրական գործընթացի համար»,- ասել է Կուպրաշվիլին։

Այսօր՝ օգոստոսի 27-ին, նա որոշում է կայացրել, ըստ որի` հանձնարարել է «Ուժեղ Վրաստան» կոալիցիայում ընդգրկված շարժմանը ներկայացնել ֆինանսական հաշվետվություններ։

«Հակակոռուպցիոն բյուրոն որոշում է կայացրել «Ազատության հրապարակ» շարժմանը, «Արևելյան Եվրոպայի բազմակուսակցական ժողովրդավարության կենտրոն»-ին և այս կազմակերպության նախագահ Լևան Ցուցքիրիձեին և շարժման 24 անդամներին ֆինանսական թափանցիկություն ապահովել: Սա նշանակում է, որ այսօրվանից նրանք պարտավոր են օրենքով սահմանված կարգով ֆինանսական հաշվետվություններ ներկայացնել Հակակոռուպցիոն բյուրոյին, որն էլ կապահովի դրանց հրապարակայնությունը»,- ասել է Կուպրաշվիլին։

Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարն իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործունեության վերաբերյալ ոչ մի կասկած չի հայտնել: