Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (CRRC) նոր հարցման արդյունքներով՝ հարցվածների մոտ 30 տոկոսը չի կարող նշել, թե ինչն է պատճառը, որ Վրաստանը չի ստացել Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ։
Հարցման համաձայն՝ 24 տոկոսը չգիտի, որ Վրաստանը, ի տարբերություն Մոլդովայի ու Ուկրաինայի, չի ստացել Եվրամիության թեկնածուի կարգավիճակ։
Հարցվածների 30 տոկոսը գիտի, որ Վրաստանը թեկնածուի կարգավիճակ չի ստացել. նրանք նաև նշել են, որ չգիտեն, թե ինչու Վրաստանին թեկնածուի կարգավիճակ չի տրվել։
Մյուս պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ.
- 17 տոկոսը կարծում է, որ դրա պատճառը կառավարության անգործությունն է,
- 14 տոկոսը դրա պատճառը համարում է բևեռացումը,
- 14 տոկոսը՝ երկրի կողմից անդամակցության չափանիշների չկատարումը,
- 8 տոկոսը՝ ընդդիմության կողմից խոչընդոտումը,
- 3 տոկոսը՝ Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումը,
- 4 տոկոսի կարծիքով` պատճառն այն է, որ Վրաստանը չի միացել պատերազմին, չի բացել երկրորդ ճակատ։
Մեկական տոկոսը պատճառը համարում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից Շառլ Միշելի համաձայնագրի պայմանների չկատարումը, Սաակաշվիլիի ձերբակալությունը և Իվանիշվիլիի ոչ պաշտոնական կառավարումը:
Հարցվածների 17 տոկոսը կարծում է, որ Վրաստանը թեկնածուի կարգավիճակ կստանար, եթե Ռուսաստանի Դաշնության հետ երկրորդ ճակատ բացեր։ 59 տոկոսը սա սուտ է համարում, իսկ 24 տոկոսը նշել է, որ չգիտի այս հարցի պատասխանը կամ չի ցանկանում պատասխանել հարցին։
Հետազոտության շրջանակներում` հուլիսի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, հեռախոսային հարցազրույցի ձևով հարցմանը մասնակցել է 1 244 քաղաքացի։