Ընտրություններին միջամտել են նաև Իրանն ու Ադրբեջանը. Լորա Թորնտոն

Մակքեյնի ինստիտուտի գլոբալ ժողովրդավարության ծրագրերի տնօրեն և Վրաստանում NDI գրասենյակի նախկին ղեկավար Լորա Թորնտոնն ասել է, որ 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին հօգուտ «Վրացական երազանք»-ի, Ռուսաստանից բացի, միջամտել են նաև Իրանն ու Ադրբեջանը։

Թորնտոնի խոսքով` Իրանի ազդեցությունը զգացվել է Վրաստանի Էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված մունիցիպալիտետներում։ «Մենք գիտեինք Կոբախիձեի Թեհրան կատարած այցի մասին: Ինչը ես չգիտեի և իմացա` այն էր, որ եղել է Իրանի միջամտությունը և աջակցությունը «Վրացական երազանք»-ի նախընտրական արշավին»,- նշել է նա և շարունակել.

«Ադրբեջանի քաղաքական առաջնորդները, նաև լրատվամիջոցները բառիս բուն իմաստով, կանգնեցին «Վրացական երազանք»-ի թեկնածուների կողքին… Մենք կենտրոնացած էինք ռուսական միջամտության վրա, բայց «Վրացական երազանք»-ն աջակցություն ստացավ նաև այլ «խաղացողներից»: