«Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն» (ISFED) հասարակական կազմակերպությունը հրապարակել է 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների ոչ պաշտոնական նախընտրական շրջանի մոնիտորինգի հաշվետվությունը, որն ընդգրկում է հունիսի 1-ից օգոստոսի 26-ն ընկած ժամանակահատվածը։
Զեկույցում ներկայացված են ներկա քաղաքական համատեքստը, ընտրական վարչարարության որոշ ասպեկտներ, կուսակցությունների գրանցման գործընթացը, ոչ պաշտոնական նախընտրական քարոզարշավի առաջընթացը, լրատվամիջոցների միջավայրը և նախընտրական շրջանում բացահայտված այլ հիմնական միտումները:
Կազմակերպությունը նշել է, որ Վրաստանում պաշտոնական նախընտրական քարոզարշավի մեկնարկը բախվում է ուժեղ քաղաքական բևեռացման։
Ըստ ISFED-ի, բևեռացման աճին էապես նպաստել է 2024 թվականի մայիսին Վրաստանի խորհրդարանի կողմից «ռուսական օրենքի» վերջնական ընդունումը։
«Նախագահի վետոն հաղթահարելուց հետո շարունակվեց իշխանության քննադատներին ահաբեկելու քարոզարշավը։ Սպառնալից զանգերը վերածվեցին ֆիզիկական հարձակումների։ Վրաստանի խորհրդարանի կողմից արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրենքի ընդունումը, որն ուղեկցվում էր դավադրության տեսություններով` հակաարևմտյան հռետորաբանության ուժեղացմամբ, հանգեցրեց միջազգային հանրության կտրուկ բացասական արձագանքին և Եվրամիության ու արևմտյան պետությունների կողմից քաղաքականության վերանայմանը», — ընդգծել են զեկույցի հեղինակները։