Վրաստանի Սահմանադրական դատարանը (ՍԴ) գրանցել է հոկտեմբերի 26-ին կայացած ընտրությունները հակասահմանադրական ճանաչելու պահանջով Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայցը։ Հայցադիմումն արդեն հրապարակվել է դատարանի կայքում։
Նախագահը վիճարկում է գաղտնիության և ազատ ու համընդհանուր ընտրություններ անցկացնելու իրավունքի խախտումը։
«Ընտրությունները պետք է արտացոլեն ընտրողի իրական դիրքորոշումը և ոչ թե վախից նրա արտահայտումը, որ քո ընտրությունը հայտնի կդառնա մյուսներին, ինչը կարող է ունենալ բացասական հետևանքներ։ Ուստի գաղտնիության սկզբունքի խախտումը կասկածի տակ է դնում համապատասխան ընտրությունների բնույթը՝ որպես ժողովրդավարական լեգիտիմացման գործիք», — ասված է նախագահի հայցում։
Հայցադիմումը գրանցելուց հետո դատարանը 30 օր ժամանակ ունի գործը քննելու համար։ Վրաստանի խորհրդարանի կանոնակարգի 86-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի մանդատը չի փոխանցվում այն քաղաքական գործչին, ում ընտրությունը բողոքարկվում է ՍԴ-ում։
Ընդդիմությունը նույնպես պահանջում է չեղյալ համարել ընտրությունների արդյունքները։ Երկու հայցերն էլ դատարանը քննում է ամբողջական կազմով:
Սահմանադրագետների խոսքով, քանի դեռ հարցը սահմանադրական է, խորհրդարանը չի կարող ճանաչել սեփական իշխանությունը․ ըստ կանոնակարգի՝ հայեցողություն չունի։
Նշենք, որ նոյեմբերի 16-ին ԿԸՀ-ն հաստատել է ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը. խորհրդարանական ընտրություններն ամփոփված են։
Հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքները ճանաչում է միայն իշխող կուսակցությունը։ ԿԸՀ-ի ներկայացրած արդյունքներով՝ 11-րդ գումարման խորհրդարանում «Վրացական երազանք»-ն ստացել է 150 մանդատից 89-ը, մինչդեռ չորս ընդդիմադիրները ունեն ընդհանուր 61 մանդատ։ Ընդդիմությունը, նախագահն ու քաղհասարակությունը պնդում են` ընտրությունները կեղծվել են։
Միջազգային հանրությունը Թբիլիսիին կոչ է արել օբյեկտիվ հետաքննություն անցկացնել ընտրությունների վիճելի արդյունքների վերաբերյալ՝ ստուգելու համար կեղծիքների հետ կապված «լուրջ կասկածները»։
Ինչ մեխանիզմներ կան խորհրդարանի նիստը ձախողելու համար. փորձագետներ