Արևմուտքն ակնկալում է, որ հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կանցնեն ազատ, արդար, թափանցիկ միջավայրում, որի արդյունքում երկրում իշխանության կգան արևմտամետ ուժերը: Հենց այդ արևմտամետ ուժերն էլ երկիրը կվերադարձնեն եվրոպական ուղի, որից շեղվել է գործող «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը, «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեցին վրացի որոշ փորձագետներ:
Վերլուծաբան Զուրաբ Բատիաշվիլիի խոսքով, Արևմուտքի համար շատ կարևոր է, թե ինչ ընտրություն կանի վրաց ժողովուրդը, որից էլ կախված կլինի Արևմուտք-Թբիլիսի հարաբերությունների հետագա զարգացումը: Վերլուծաբանը վստահ է՝ վրաց ժողովուրդը քվեարկելու է եվրոպական ապագայի համար, որից հետո Վրաստանը կվերադառնա եվրոպական ուղի:
«Կչեղարկվեն բոլոր հակաժողովրդավարական օրենքները, օրինակ՝ «ռուսական օրենք»-ը, կմեկնարկի ԵՄ-Վրաստան բանակցությունների փուլը: Այս ամենը կներառի ամբողջ օրենսդրական դաշտի ներդաշնակեցում ԵՄ օրենսդրությանը. պետք է այս ամենն իրականցվի շատ արագ՝ մինչև 2030 թվականը, քանի որ ԵՄ-ն նախատեսում է ընդլայնվել այդ ժամանակ»,- «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց Բատիաշվիլին:
Նրա դիտարկմամբ՝ այս ընտրությունը կարևոր է նաև, քանի որ արևմտյան կուրսը պահպանելու դեպքում փոփոխություն կլինի դատական համակարգում, տնտեսության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում:
Օրերս ԵՄ անդամ 13 երկրների եվրոպական հարցերով նախարարները համատեղ հայտարարություն են տարածել, որում նշել են՝ Վրաստանը չի կարողանա դառնալ Եվրամիության անդամ, եթե կառավարությունը չփոխի իր կուրսը։
«Արժեք չունի»,- մեկնաբանելով ԵՄ անդամ 13 երկրների եվրոպական հարցերով նախարարների համատեղ հայտարարությունը, ասել էր վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
Վերլուծաբան Դավիթ Բրագվաձեն «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց՝ նախընտրական միջավայրը թվացյալ հանգիստ է, բոլորը քարոզչություն են անում։ Միևնույն ժամանակ հավելեց՝ քարոզարշավն ուղեկցվում է իշխանության խիստ հակաարևմտյան, և վերջերս նաև հայաֆոբ քարոզչության տարրերով:
Նրա կանխատեսմամբ՝ ընտրությունների օրը, ինչպես նաև հետագա ժամանակահատվածը լարված է լինելու:
«Ընդդիմությունը, եթե հաղթի՝ կարողանալով կառավարություն ձևավորել, պետք է անհապաղ ձեռնամուխ լինի Եվրամիության առաջարկությունների իրականացմանը, սկսի անդամակցության գործընթացը։ Եթե իշխանությունը հաղթի, ապա, ըստ էության, հնարավորություն չկա Արևմուտքի հետ հարաբերությունների վերսկսկման, ինչի մասին վերջերս շատ է խոսվում։ Կստացվի՝ Վրաստանն ամբողջովին մեկուսացված կլինի Արևմուտքից և, ցավոք, կկցվի ռուսական ուղեծրին»,- ասաց Բրագվաձեն:
Նշենք, որ հոկտեմբերի 4-ին Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին ասել է, որ ԵՄ կառույցները դադարեցրել են հանդիպումները վրացական կառավարության ներկայացուցիչների հետ, իսկ հուլիսին ԵՄ-ն դադարեցրել է 30 միլիոն եվրոյի օգնությունը, որը հատկացվում էր Վրաստանի պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Օրերս էլ ԵՄ դեսպանն ասել էր՝ կառավարության գործողության արդյունքում դադարեցվել է Վրաստանի եվրաինտեգրումը:
Հիշեցնենք. 2023 թվականի նոյեմբերին Եվրահանձնաժողովը առաջարկեց Եվրամիության խորհրդին բանակցություններ սկսել Բոսնիա և Հերցեգովինայի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ՝ համայնքին անդամակցելու վերաբերյալ և Վրաստանին տրամադրել անդամակցության թեկնածուի կարգավիճակ:
Այս առաջարկությունների համաձայն՝ Վրաստանը կարգավիճակ ստացավ 9 քայլով։ Դրանք ներառում են քաղաքական բևեռացման նվազեցում, հակաարևմտյան ապատեղեկատվության դեմ պայքար, մարդու իրավունքների պաշտպանություն և լայնածավալ բարեփոխումներ տարբեր ոլորտներում: