2024 թվականի մայիսի 26-ին՝ «գործակալների օրենք»-ի ընդունումից 12 օր անց, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր խոսքում ընդգծեց երկրում հանրաքվե (ռեֆերենդում) անցկացնելու անհրաժեշտության մասին։
«Մենք պետք է իրական հանրաքվե կազմակերպենք. այս էներգիան, որ այսօր ձեր մեջ է, պետք է ծախսել ստորագրություններ հավաքելու վրա»,- ասել է Զուրաբիշվիլին:
2024 թվականին «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը հետ կանչելուց 1 տարի և 1 ամիս անց, մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն հայտարարեց նույն օրինագիծը կրկին կյանքի կոչելու մասին` թեթևակի տարբերությամբ. «Օտարերկրյա թափանցիկության գործակալը» արտահայտությունը դարձել էր «օտարերկրյա ուժի շահերը կրող կազմակերպություն»։ Վերոնշյալ օրինագիծը շատ նման է 2012 թվականին Ռուսաստանում ընդունված «գործակալների օրենքին», որի հետևանքով ռուսական քաղաքացիական հասարակությունը փաստացի անհետացավ։ Այդ իսկ պատճառով` օրինագիծն ստացավ «ռուսական օրենք» անվանումը։ Լայնածավալ ակցիաներին և Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից օրինագծին վետո դնելուն զուգընթաց, օրինագիծը մայիսի 14-ին խորհրդարանում երրորդ ընթերցմամբ ընդունվեց: Վիճելի օրինագիծը լարվածություն առաջացրեց ոչ միայն Վրաստանում, այլև Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Մի շարք արևմտյան ղեկավարներ, նրանց թվում` ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը, օրինագծի առնչությամբ իրենց անհանգստությունն են հայտնել՝ նշելով, որ օրենքը սպառնում է Վրաստանի եվրոպական ապագային։ Օրենքն ուժի մեջ է մտել օգոստոսի 1-ից:
Վրաստանի անկախության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը Սալոմե Զուրաբիշվիլին խոսեց Վրաստանի եվրոպական ուղու առջև ծառացած մարտահրավերների մասին։ Նա հանրությանը ներկայացրեց գործողության ծրագիր` «Վրացական խարտիա» ստեղծելու և եվրոպական ապագայի շուրջ կուսակցություններին համախմբելու մասին։
Նախագահի ելույթը բուռն քննարկման առիթ էր դարձել՝ հարուցելով մի շարք հարցեր։
Զուրաբիշվիլին, թերևս, «հանրաքվե» անվանեց հոկտեմբերին կայանալիք ընտրությունները և «Վրացական խարտիա»-ի սահմաններում ստորագրահավաքը։ Շահարկումներ սկսվեցին, թե իրո՞ք հնարավոր է հանրաքվե անցկացնել, ինչքանո՞վ է տեղին հանրաքվե անցկացնել մի հարցի շուրջ, որը Սահմանադրությամբ ամրագրված է (Սահմանադրության 78-րդ հոդվածը՝ եվրաինտեգրման մասին)։
Նշենք որ, Զուրաբիշվիլին երիտասարդների հետ հունիսի 11-ին կայացած հանդիպման ժամանակ պարզաբանեց, թե ինչ նկատի ուներ, երբ հանդես եկավ հանրաքվեի նախաձեռնությամբ։
«Հանրաքվեն պետք է հարց տա, ստորագրություններ հավաքի, որ վրացական խարտիան գործողությունների ծրագիր է եվրոպական ապագան փրկելու համար։ Սա որոշակի վարժանք է, նախընտրական վարժանք այն հանրաքվեի քարոզարշավն իրականացնելու համար, որով իրականում որոշվում է Վրաստանի ապագան»։
Հանրաքվեն խորհրդանշական է, քանզի անկախ Վրաստանի պատմությունը սկսվել է հենց հանրաքվեից, երբ 1991 թվականի մարտի 31-ի համընդհանուր հանրաքվեի արդյունքների հիման վրա Վրաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունեց «Վրաստանի պետական անկախության վերականգնման մասին ակտը»։
Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի (GIPA) հրավիրված դասախոս և Արտաքին քաղաքականության խորհրդի (FPC) ավագ հետազոտող Գիորգի Կոբերիձեն «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասացին՝ հիմա պաշտոնապես հանրաքվե չունենք, քանի որ հանրաքվե նշանակելն ունի ընթացակարգային կանոններ։
Վրաստանի նախագահն իրավասու է հանրաքվե նշանակել Վրաստանի խորհրդարանի, Վրաստանի կառավարության կամ առնվազն 200 հազար ընտրողների պահանջով՝ նշանակման մասին պահանջը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում։
«Հիմա մենք ունենք քաղաքական հանրաքվե, այսինքն՝ որ «ճամբարում» ենք՝ ռուսական, թե արևմտյան։ Վրաստանի բնակչությունը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է լինել զարգացած և անվտանգ արևմտյան ճամբարում, քանի որ դա իրենց քաղաքակրթական ընտրությունն է», — նշեց Կոբերիձեն և հավելեց, որ Վրաստանն այժմ ընտրելու է կամ ռուսամետ ուժ, որով կհայտնվի ռուսական ճամբարում և Հյուսիսային Կորեայի, Իրանի, Ռուսաստանի և նրանց դաշնակիցների հետ նույն կողմում, կամ` ընդհակառակը, Վրաստանը կընտրի Արևմուտքի հետ հաջողության մոդելը։
Ռեֆերենդում (հանրաքվե) բառի սահմանումը հետևյալն է՝ «պետական կյանքի կարևորագույն հարցերի շուրջ ժողովրդի կարծիքը հայցելու միջոց», դա համարվում է անմիջական ժողովրդավարության կարևորագույն ինստիտուտը։
«Երբ ընտրությունների արդյունքները շատ նշանակալից են` հատկապես արտաքին քաղաքականության համար, դրանք հաճախ անվանում են հանրաքվե, և նման նախադեպեր եղել են Ֆրանսիայում ու Իտալիայում։ Շատ կարևոր հարցեր երբեմն քննարկվում են հանրաքվեի ժամանակ։ Հիմա սա հանրաքվե չէ, բայց իր նշանակությամբ ու արդյունքներով կարող է հավասարվել դրան», — նշեց Կոբերիձեն։
Հիշեցնենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի հոկտեմբերի 26-ին։ Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով:
Հեղինակ՝ Մարիաննա Մանուկյան