Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Վարշավայում Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ դեմ առ դեմ հանդիպումից հետո լրագրողներին ասել է, որ հոկտեմբերի 26-ին վրաց ժողովուրդն ընտրություն կկատարի եվրոպական ապագայի և ռուսական անցյալի միջև, և դա իրականում հանրաքվե է։
Նախագահի խոսքով, Վրաստանին և վրաց ժողովրդին անհրաժեշտ են եվրոպացի գործընկերների բարոյական աջակցությունը և դիտորդների ժամանումը, որպեսզի ընտրություններն անցկացվեն ազատ, արդար և ամենակարևորը՝ խաղաղ միջավայրում։
«Պետք է ասել, որ Վրաստանում ստեղծված իրավիճակն ու Վրաստանի ապագան եվրոպական տարածաշրջանի կայունության և անվտանգության կարևոր բաղադրիչներից են, ինչն այսօր շատ լավ դրսևորվեց։
Ինչպես նշեցի, այսօրը շրջադարձային է Վրաստանի և նրա ապագայի համար։ Վրաստանը պատրաստվում է պատմական ընտրությունների. հոկտեմբերի 26-ին վրաց ժողովուրդը ընտրություն կկատարի եվրոպական ապագայի և ռուսական անցյալի միջև։ Սա իրականում հանրաքվե է, և ես վստահ եմ, որ Վրաստանի ժողովուրդը, ինչպես նախկինում (բոլոր այն պահերին, երբ պետք էր վճռական ընտրություն կատարել)` կկատարի իր ընտրությունը հօգուտ խաղաղ և անկախ եվրոպական ապագայի»,- ասել է Զուրաբիշվիլին:
Նախագահը նաև իր խորին շնորհակալությունն է հայտնել այցի, ֆորումին իր մասնակցության համար` նշելով, որ այդ պահին դա շատ կարևոր էր: Զուրաբիշվիլին նաև հույս է հայտնել, որ իրենց սերտ հարաբերությունները կշարունակվեն ու կխորանան: