«Ընտրիր Եվրոպան» և «Մշակույթ ժողովրդավարության համար» շարժումները նոր ընտրություններ են պահանջում

Վրաստանի նախկին պետական ​​և քաղաքական պաշտոնյաները, նախկին դատավորները, քաղաքացիական շարժումները, գիտական ​​և գեղարվեստական ​​շրջանակները, մասնագիտական ​​միությունները, վերլուծական ոչ կառավարական կազմակերպությունները և նրանց ներկայացուցիչները կոչ են անում արևմտյան երկրներին չճանաչել հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները և ձեռնարկել հնարավոր ամեն միջոց՝ պաշտպանելու վրաց ժողովրդի կամարտահայտությունը։

Հայտարարությանը, որը նախաձեռնել են «Ընտրիր Եվրոպան» և «Մշակույթ ժողովրդավարության համար» շարժումները, ներկայումս միացել են առնվազն 250 կազմակերպություններ և անհատներ։ Ստորագրությունները շարունակվում են։

Դիմումում ասվում է.

«Վրաստանի ինքնիշխանությունը, նրա ապագան` որպես անկախ, ժողովրդավարական պետություն, էքզիստենցիալ սպառնալիքի տակ է։ 2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններում վրաց ժողովրդին զրկեցին սեփական իշխանությունն ազատորեն ընտրելու հիմնարար իրավունքից՝ համատարած, համակարգված ընտրակեղծիքների միջոցով։

Կարծում ենք, նշված խորհրդարանական ընտրությունների արդյունքների ճանաչումը կլինի Վրաստանի ժողովրդավարական զարգացման և նրա արևմտամետ կուրսի վերջնական ձախողման նախանշանը։ Մեծ հավանականությամբ երկիրը կբռնի անշրջելի ավտորիտարիզմի ուղին և կկորցնի եվրատլանտյան ինտեգրման հնարավորությունը։ Ժողովրդավարության ձախողումը Վրաստանում ուղղակիորեն համարժեք է նրա պարտությանը ողջ տարածաշրջանում։

Այս ճգնաժամային պահին այդ ընտրությունների արդյունքների ճանաչումը հավասարազոր կլինի Վրաստանի անկախությունը Ռուսաստանին զիջելուն, ինչը երկարատև և դրամատիկ հետևանքներ կունենա ինչպես Վրաստանի, այնպես էլ նրա դաշնակիցների համար: Քանի որ վրաց հանրության մեծամասնությունը հրաժարվում է ճանաչել ընտրությունների արդյունքները և օրինականացնել իշխանությունը զավթելու փորձը, մենք կոչ ենք անում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Եվրամիության ղեկավարներին, ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարներին և երկրների ղեկավարներին, խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովներին, այդ թվում՝ ԱՄՆ Կոնգրեսին և Սենատին, աջակցել վրաց ժողովրդին և ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները Վրաստանի խորհրդարանական ընտրություններում վրաց ժողովրդի կամքն արտահայտելու իրավունքը պաշտպանելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

Հայտարարության հեղինակները Վրաստանի կառավարությունից, մասնավորապես, պահանջում են՝

  • Քվեարկության և ընտրական արձանագրությունների հրապարակում
  • Ընտրակեղծիքների, ընտրախախտումների և մանիպուլյացիաների միջազգային հետաքննություն
  • Խորհրդարանական ընտրությունների վերանցկացում՝ կառուցվածքային փոփոխված ընտրական վարչակազմի և Վրաստանի բնակչության ազատ կամարտահայտման լիարժեք ապահովման պայմաններում։
    Հայտարարության տակ ստորագրողների ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ: