Ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության (ՀԿ)` Հակակոռուպցիոն բյուրոյի և դատարանի ռեպրեսիվ միջոցները կարող են անհնարին դարձնել «Ընտրի՛ր Եվրոպա» կազմակերպության քաղաքացիական ակտիվությունը։
TI-ն կարևորել է այն փաստը, որ Հաղորդակցության ազգային հանձնաժողովը, իսկ ավելի ուշ` դատարանը, տույժեր են կիրառել «Մթավարի արխի», «Ֆորմուլա» և «TV Պիրվելի» հեռուստաընկերությունների նկատմամբ, որոնք հեռուստաեթերից հանել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվերով անազնիվ և ապակողմնորոշիչ գովազդի տեսանյութը, որը պարունակել էր ատելության խոսք քաղաքացիական հասարակության առաջնորդների դեմ:
2024 թվականի սեպտեմբերի 6-ին Հակակոռուպցիոն բյուրոն նաև միջնորդել է դատարանին՝ «Ընտրի՛ր Եվրոպա» կազմակերպության ղեկավարներ Խաթունա Լագազիձեից, Լելա Ջեջելավայից, ևս այլ անձանցից, ինչպես նաև Վրաստանի առևտրային բանկերից տեղեկություն պահանջել նշված անձանց իրականացրած գործարքների վերաբերյալ։
Գործը վերաբերում է 2024 թվականի հուլիսի 11-ին «Ընտրի՛ր Եվրոպա»-ի անցկացրած շնորհանդեսին, որով կազմակերպությունը հայտարարել է նախընտրական շրջանում իր գործունեության ծրագիրը։
Ըստ Հակակոռուպցիոն բյուրոյի՝ այդ շնորհանդեսն ու դրան առնչվող գովազդային նյութերն օրենքով արգելված նվիրատվության ծախսեր են, որոնք «Ընտրի՛ր Եվրոպան», ենթադրաբար, «Վրացական երազանք»-ին աջակցելուց խուսափելու համար է կատարել: Դատարանը նույն օրը բավարարել էր միջնորդությունը։
ՀԿ-ի գնահատմամբ՝ և՛ Հակակոռուպցիոն բյուրոյի միջնորդությունը, և՛ այդ միջնորդությունը բավարարելու մասին դատարանի որոշումը կայացվել են օրենքի պահանջների խախտմամբ։