Այսօր Երևանում տեղի ունեցող ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ գրանցվել են մի շարք խախտումներ, որոնք թեև լրջորեն չեն խոչընդոտել ընտրական գործընթացին։
Մասնավորապես, Transparency.am կայքի հաղորդմամբ, ժամը 13:30-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցվել է 75 խախտում, 10 միջադեպ: Ամենից շատ խախտումներով տեղամասերն են Նորք Մարաշ վարչական շրջանի 9/6 տեղամասը, Կենտրոն վարչական շրջանի 9/18 տեղամասը, Արաբկիրի 4/40 ընտրատեղամասը, Նոր Նորք վարչական շրջանի 2/16 տեղամասը: Առաջին ընտրատեղամասում գրանցվել է 4 խախտում, մյուս ընտրատեղամասերում՝ 3-ական խախտում:
Միջադեպերից մեկը կապված է եղել ընտրողներին օգնելու կարգի խախտման հետ: Նորք Մարաշի 9/6 տեղամասում տատիկն իր թոռան հետ առանց տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում գրառում կատարելու քվեախցիկում կատարել են ընտրություն: Խնդրին արձագանքել է նաև «Իմ քայլը» դաշինքի վստահված անձը, որի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Իմ քայլը» դաշինքի վստահված անձերի միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Միայն քվեախցիկից դուրս գալուց հետո համապատասխան գրառում է կատարվել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում։ Նշվում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձը շարունակել է ուղղորդել ընտրողներին՝ ցուցումներ տալով նրանց:
Նույն տեղամասում գրանցվել է նաև միջադեպ՝ կապված տեխնիկական սարքի խափանման հետ:
Աջափնյակ վարչական շրջանի 6/26 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձի վկայականը տեսանելի չի եղել, այլ բռնել է ձեռքում: Հանձնաժողովի նախագահի համապատասխան պահանջին վստահված անձը պատասխանել է, որ ինքը «էն տղեն չի, որ բեյջ կրի»:
Ինչպես հայտնում են դաշինքի մամուլի ծառայությունից, երբ նույն պահանջով նրան դիմել է դիտորդը, վերջինիս սպառնացել է՝ «ակնոցներդ կջարդեմ»: Կատարվածի առնչությամբ կազմվել է արձանագրություն, առկա են տեսագրություններ և լուսանկարներ: Դիտորդները նաև նկատել են, որ նույն անձը պարբերաբար դուրս է գալիս ընտրատեղամասից և շրջում տարածքում, տեղամասում ողջունում ընտրողներին և զրուցում նրանց հետ:
«Ալիք մեդիայի» նկարահանող խումբը նույնպես շրջելով Երևանի տարբեր ընտրատեղամասերում արձանագրել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձինք շրջում են առանց վկայականի։ Մեր հարցին ի պատասխան, նրանք ասացին, թե նրանց տրամադրել են միայն թուղթը՝ առանց համապատասխան ամրակների, այդ պատճառով էլ վկայականը գրպանում են պահում։
Արաբկիր վարչական շրջանի 4/1 ընտրատեղամասում անհայտ անձը վաղ առավոտից ուղղորդել է ընտրատեղամասում ընտրողներին, սակայն ոստիկանության ծառայողը նրան հեռացրել է: Ավելի ուշ նույն անձը վերադարձել է՝ ներկայանալով որպես թեկնածու և հայտարարելով, որ դա իր տարածքն է: Հանձնաժողովի նախագահը նրան զգուշացրել է, որ նրա ներկայությունը ընտրատեղամասում շատ երկար է տևում և պահանջել է հեռանալ:
Կենտրոն վարչական շրջանի 9/55 ընտրատեղամաս է մուտք գործել մի տղամարդ և հարցրել, թե հանձնաժողովի կազմում ովքեր են ՀՅԴ կուսակցությունից: Դիտորդը նկատել է, որ հանձնաժողովի ՀՅԴ անդամներից մեկը նրա հետ դուրս է եկել ընտրատեղամասից և նրանից գումար ստացել: Դիտորդը կատարվածի մասին տեղյակ է պահել հանձնաժողովի նախագահին, սակայն վերջինս հրաժարվել է դեպքն արձանագրել:
Արաբկիր վարչական շրջանի 4/29 ընտրատեղամասը գտնվում է շքամուտքի առաջին հարկում, իսկ հենց շքամուտքի պատին փակցված է եղել «Լույս» դաշինքի քարոզչական պաստառ: Կատարվածի մասին տեղեկացվել է հանձնաժողովի նախագահը, որից հետո պաստառը հեռացվել է, դեպքն՝ արձանագրվել:
Ընդհանուր առմամբ, դիտարկված 95 տեղամասային կենտրոններից 17-ը լիովին անմատչելի են։ Դիտարկված տեղամասերից 8-ում հանձնաժողովի նիստի ընթացքում քվեասենյակում ոստիկան է եղել։
4 տեղամասում հանձնաժողովի անդամների գործառույթների վիճակահանությունը կատարվել է խախտումներով։ 9 ընտրատեղամասում հանձնաժողովի նիստի ընթացակարգը չի պահպանվել կամ մասամբ է կազմակերպվել 10 ընտրատեղամասում։
ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի «թեժ գիծ» ժամը 12:00-ի դրությամբ ստացվել է 11 հեռախոսազանգ: Զանգերից 2-ը վերաբերել են ընտրական տեղամասերից մեկի մոտ երիտասարդների խմբված ներկայությանն ու ընտրողներին ուղղորդելու փորձերին, և մեկ այլ ընտրական տեղամասում՝ ժամը 8:00-ի դրությամբ մատնահետք կարդացող սարքերի անգործությանը: Երկու դեպքերով էլ անհապաղ իրականացվել է ստուգում:
Մնացած 9 հեռախոսազանգերով քաղաքացիները պարզաբանումներ են խնդրել տարբեր հարցերով, այդ թվում՝ իրենց ընտրական տեղամասերի հասցեները ճշտելու և տեղեկացնելու, նույնականացման քարտով քվեարկելու իրավունքի մասին և այլն։
Ոստիկանությունում էլ ստացվել է 10 ահազանգ, որոնցից 1-ը՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, 1-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու (քվեարկելու փորձ), 3-ը՝ ընտրացուցակների անճշտությունների և 5-ը՝ այլ իրավախախտումների վերաբերյալ։