
Վրաստանում այսօր անցկացվում են խորհրդարանական ընտրություններ։ Ժամը 8։00-ի դրությամբ բացվել են ընտրատեղամասերը, և սկսվել է քվեարկության գործընթացը։
«Ալիք Մեդիա»-ի տեղեկությամբ՝ Նինոծմինդա քաղաքում բացված թիվ 2 ընտրատեղամասում, դիտորդները խախտում են գրանցել։ Մասնավորապես, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամը վերցրել է քաղաքացու անձնագիրը, գրանցել նրան համապատասխան կարգով և վերադարձնելով անձնագիրը՝ հարցրել․ «Գիտես, չէ՞, ում ես ընտրելու»։
Հիշեցնենք, որ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրողներին կսպասարկեն 3 հազար 111 ընտրական տեղամասեր, որոնցից 3 հազար 44 ընտրատեղամասերը բացվել են Վրաստանի տարածքում, 67-ը` արտասահմանում։ Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով։ Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն այն քաղաքական կուսակցություններին, որոնք կհաղթահարեն 5 տոկոսի շեմը։
150 պատգամավոր ունեցող Վրաստանի խորհրդարանի ընտրություններին, ընդհանուր առմամբ, մասնակցում են 18 քաղաքական կուսակցություններ/միավորումներ: Նրանց մասին հավելյալ տեղեկությունները հասանելի են այս հղմամբ: Այս խորհրդարանական ընտրությունները երկրի հատկապես արտաքին քաղաքական կուրսի համար վճռորոշ նշանակություն կունենան։