Ախալցիխեի ընտրատեղամասերից մեկում դիտորդները խախտում են արձանագրել։
Մասնավորապես, քաղաքի թիվ 2-րդ ընտրատեղամասում, որը գրանցված ընտրողների թվով ամենամեծն է՝ 2460, ընտրողներից մեկը չի կարողացել քվեաթերթիկն անցկացնել հաշվիչ սարքի մեջ, և հանձնաժողովի անդամը` փորձելով օգնել քաղաքացուն, հանել է քվեաթերթիկը ծրարի միջից (ինչն արգելված է) և տեղադրել սարքի մեջ։
Հիշեցնենք, որ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրողներին կսպասարկեն 3 հազար 111 ընտրական տեղամասեր, որոնցից 3 հազար 44 ընտրատեղամասերը բացվել են Վրաստանի տարածքում, 67-ը` արտասահմանում։ Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով։ Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն այն քաղաքական կուսակցություններին, որոնք կհաղթահարեն 5 տոկոսի շեմը։
150 պատգամավոր ունեցող Վրաստանի խորհրդարանի ընտրություններին, ընդհանուր առմամբ, մասնակցում են 18 քաղաքական կուսակցություններ/միավորումներ: Նրանց մասին հավելյալ տեղեկությունները հասանելի են այս հղմամբ: Այս խորհրդարանական ընտրությունները երկրի հատկապես արտաքին քաղաքական կուրսի համար վճռորոշ նշանակություն կունենան։