Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընտրողները որոշում կկայացնեն 18 ընտրական սուբյեկտների միջև։
Ընտրություններում վրաստանյան ընդդիմության զգալի մասը մասնակցելու է միավորումների ձևով. պատճառն իշխող «Վրացական երազանք» կուսակցության ընդունած օրենքն է, ըստ որի՝ խորհրդարան մտած ընդդիմադիր ուժերը չեն կարող միավորվել հենց խորհրդարանում: Միավորման պատճառներից է նաև բարձր ընտրական շեմը, որը 5 տոկոս է:
«Կոալիցիա փոփոխությունների համար»
«Ալիք Մեդիա Վրաստան»-ը ներկայացնում է բոլոր կուսակցությունների մասին հակիրճ տեղեկատվություն: Այս ընտրությունների համար երկրում ձևավորվել է 4 կոալիցիա։ Դրանցից մեկը «Կոալիցիա փոփոխությունների համար» միավորումն է։
Կոալիցիայի կազմում են «Ախալի»-ն («Նոր», հիմնադիրներ՝ Նիկա Մելիա, Նիկա Գվարամիա), «Դրոա»-ն («Ժամանակն է», հիմնադիր՝ Էլենե Խոշտարիա), «Գիրչի»-ն (հիմնադիր՝ Զուրաբ Ջափարիձե) և «Աքտիվիստեբի մոմավլիսթվիս»-ը («Ակտիվիստներ ապագայի համար», հիմնադիր` Օքտայ Կազումով): Նրանց նախընտրական ծրագիրը հասանելի է այստեղ:
«Կոալիցիա փոփոխությունների համար» միավորման նախընտրական համարը 4-ն է:
Ավելի մանրամասն կարդացեք նյութում՝
«Կոալիցիա փոփոխությունների համար». ամեն ինչ կոալիցիայի մասին
«Միասնություն»
Հաջորդ կոալիցիան, որը ներկայանալու է 5 համարի ներքո «Միասնություն» կոալիցիան է։
Ընդդիմադիր ամենամեծ կուսակցությունը «Միացյալ ազգային շարժում»-ը, այս անգամ ընտրություններին գրանցվել է «Միասնություն» անվամբ։ Բացի բուն «Ազգային շարժում»-ից, նույն հարթակում միավորվել են Գիորգի Վաշաձեի «Ստրատեգիա Աղմաշենեբելի» կուսակցությունը և «Եվրոպական Վրաստան»-ը, որը կոալիցիայում միավորման որոշումը կայացրեց օգոստոսի 17-ին` նախագահ Գիգա Բոկերիայի և թիմի մի մասի հեռանալու հավաքի օրը։
Խորհրդարանի պատգամավոր և կոալիցիայի անդամ Թամար Կորձաիան խոստանում է, որ Վրաստանը կունենա 14 մլրդի աջակցություն, առանց վիզայի ռեժիմ ԱՄՆ-ի հետ, կանեն ամեն ինչ, որպեսզի Վրաստանը դառնա ԵՄ անդամ։
Ավելի մանրամասն կոալիցիայի մասին կարդացեք ստորև՝
«Ուժեղ Վրաստան»
«Ուժեղ Վրաստան» կոալիցիան միավորում է Մամուկա Խազարաձեի «Լելո», Անա Դոլիձեի «Ժողովրդի համար», Ալեկո Էլիսաշվիլիի «Քաղաքացիներ» քաղաքական ուժերին և «Ազատության հրապարակ» քաղաքացիական շարժմանը:
«Ուժեղ Վրաստան»-ն ընտրություններին մասնակցելու է 9 համարի ներքո: Ուշագրավ է, որ ընդդիմադիր կոալիցիային է միացել նաև Վրաստանի 4-րդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:
«Գախարիան Վրաստանի համար»
«Վրաստանի համար» կուսակցությունը հանդես է գալիս 25-րդ համարի ներքո։ Կուսակցության նախագահն է Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան: Կուսակցության նախընտրական ծրագրի համաձայն նպատակն է զարգացնել պրագմատիկ տնտեսական քաղաքականություն՝ հիմնված ազատ շուկայական սկզբունքների վրա, ստեղծել սոցիալական պաշտպանության համակարգ, որը հիմնական սոցիալական ծառայություններ է մատուցում բնակչության առավել խոցելի խմբերին, ամրապնդել օրենքի գերակայությունը, բարեփոխել կրթական համակարգը, ստեղծել մրցունակ մարդկային կապիտալ, նվազեցնել բյուրոկրատիան և կենտրոնացումը, ակտիվ միջոցներ ձեռնարկել կոռուպցիայի և պետական կառույցների վրա շահագրգիռ խմբերի ազդեցության դեմ, աջակցել Վրաստանի հետագա ինտեգրմանը Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին:
«Վրացական երազանք՝ դեմոկրատական Վրաստան»
Խորհրդարանական ընտրություններում այժմ իշխող կուսակցությունը ներկայանում է 41 համարի ներքո։
Բիձինա Իվանիշվիլին կուսակցությունը հիմնադրել է 2012 թվականին, երկիրը կառավարում է երրորդ ժամկետով։ Իվանիշվիլին այս կուսակցության ցուցակի առաջին համարն է առաջին անգամ։ Գործող և նախկին վարչապետներ Իրակլի Կոբախիձեն և Իրակլի Ղարիբաշվիլին պատգամավորի թեկնածուներ են։ Օլիմպիական խաղերի չեմպիոններ Լաշա Տալախաձեն և Գենո Պետրիաշվիլին ևս հայտնվել են ցուցակի տասնյակում:
«Վրաստանի միասնության և զարգացման կուսակցություն»
«Վրաստանի միասնության և զարգացման կուսակցություն»-ն ընտրություններում հանդես կգա 3 համարի ներքո։ Կուսակցության առաջնորդն է Կամալ Մուրադխանովը։
Եվրոպական դեմոկրատներ
«Եվրոպական դեմոկրատներ» կուսակցությունն ընտրություններում հանդես կգա 6-րդ համարի ներքո։ Կուսակցության հիմնադիրներն Աբխազիայից ներքին տեղահանվածներ են։ Կուսակցության նախագահը Աբխազիայի դե ֆակտո Հանրապետության արդարադատության նախկին նախարար Պաատա Դավիթաիան է։ Կուսակցությունը կենտրոնանում է Աբխազիայի և տեղահանվածների հակամարտության կարգավորման վրա։ Այն հայտնի է իր կարգախոսով՝ «Մենք՝ ինքներս»։
Վրաստանի Հայրենասերների դաշինք
Վրաստանի «Հայրենասերների դաշինք»-ն առաջիկա ընտրություններում հանդես կգա 8 համարի ներքո, աջակողմյան պահպանողական քաղաքական կուսակցություն է Վրաստանում: Նախագահն է Դավիթ Թարխան-Մոուրավին, գլխավոր քարտուղարը՝ Իրմա Ինաշվիլին։
Վրաստանի Լեյբորիստական կուսակցություն
Վրաստանի Լեյբորիստական կուսակցությունը ընտրություններին հանդես է գալու 10 համարի ներքո։ Կուսակցության հիմնադիր-նախագահն է Շալվա Նաթելաշվիլին։ Կուսակցության նախընտրական ծրագրի համաձայն՝ այն աջակցում է հասարակական կյանքում Վրաց ուղղափառ եկեղեցու դերի բարձրացմանը և ավանդական մշակութային արժեքների ու ապրելակերպի ամրապնդմանը և պահպանմանը։ Միաժամանակ նա կարծում է, որ պետք է պաշտպանել բոլոր մյուս կրոնների իրավունքները։
«Մեր միասնական Վրաստան»
«Մեր միասնական Վրաստան» կուսակցությունը հանդես է գալիս 12 համարի ներքո, կուսակցության ղեկավարն է Գոչա Ցոփուրաշվիլին։ Կուսակցության նախընտրական ծրագրի համաձայն հիմնական ուղղությունները ներքին և արտաքին միգրացիայի կարգավորումը, կրթության և գիտության ոլորտում խնդիրների լուծումն է։
Վրաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը
Կուսակցությունը հանդես կգա 13-րդ համարի ներքո։ Կուսակցության առաջնորդն է Ջեմալ Կախնիաշվիլին։ Քաղաքական ուղղությունը՝ ձախակենտրոն։
«Փոխիր Վրաստանը»
Կուսակցությունը հանդես կգա 16 համարի ներքո։ Կուսակցության նախագահն է Գիորգի Գագնիձեն։ Կուսակցության նախընտրական ծրագրի համաձայն ամենակարևոր ուղղությունները կուսակցության համար սոցիալական պատասխանատվությունը, կայուն զարգացումը, կրթությունը և բնապահպանությունն է։
«Վրաստան»
«Վրաստան» կուսակցությունը ընտրություններին հանդես կգա 17 համարի ներքո, կուսակցության առաջնորդն է Գիորգի Լիլուաշվիլին։
«Ազատ Վրաստան»
«Ազատ Վրաստան»-ը պահպանողական կուսակցություն է, որը հանդես կգա 20 համարի ներքո։ Այն ստեղծվել է 2010 թվականի աշնանը՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո։ Կուսակցության ղեկավարն է Կախա Կուկավան։
«Տրիբունա»
Կուսակցությունը հանդես կգա 21 համարի ներքո։ Կուսակցության հիմնադիր-ղեկավարն է Դավիթ Ճիճինաձեն, նա կուսակցությունը 2019 թվականի հունիսի 22-ին է հիմնադրել, երբ հեռացվեց «Վրացական երազանք»-ից։
«Մենք»
«Մենք» կուսակցությունը հանդես կգա 23 համարի ներքո։ Կուսակցությունն օգոստոսի 12-ին հիմնադրել է հակաօկուպացիոն շարժման առաջնորդ Դավիթ Քացարավան։ «Մարզերը Վրաստանի համար» կուսակցությունն այս ընտրություններին ընդառաջ միացել է «Մենք»-ին։
«Ձախակողմյան դաշինքը»
«Ձախակողմյան դաշինքը» հանդես կգա 26 համարի ներքո։ Այն գրանցվել է 2013 թվականի հունիսի 5-ին, համանախագահներն են Լեյբորիստական կուսակցությունից անջատված Կախա Ձագանիան և Իոսեբ Շատբերաշվիլին։
«Վրացիների միություն»
Կուսակցությունը ներկայանալու է 27 համարի ներքո։ Կուսակցության ղեկավարն է Մերաբ Չուխուան։
«Գիրչի»
«Գիրչի» կուսակցությունը ներկայանում է 36-րդ համարի ներքո։ Կուսակցության նախագահն է Իագո Խվիչիաիան։ «Գիրչին» կուսակցությունների շարքում բացառություններից է, որը չի ստորագրել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նախաձեռնած «Վրացական խարտիան»։